Մատչելիության հղումներ

Ամերիկացի սենատորները այցելեցին Մայդան


Ջոն ՄըքՔեյնը ելույթ է ունենում Կիևի Անկախության հրապարակում:
Ջոն ՄըքՔեյնը ելույթ է ունենում Կիևի Անկախության հրապարակում:
Ամերիկացի սենատորներ Ջոն ՄըքՔեյնը և Քրիստոֆեր Մերֆին այսօր Կիևում այցելել են Անկախության հրապարակ ու հայտարարել, որ Միացյալ Նահանգները պաշտպանում են ուկրաինացիների եվրաինտեգրացիոն մղումները:

Ելույթ ունենալով համաժողովրդական հավաքի` վեչեի հավաքված ընդդիմադիրների առջև` ՄըքՔեյնը ասել է. - «Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք սեփական ապագան ազատ ու դեմոկրատական ճանապարհով ընտրելու` Ուկրաինայի իրավունքը»:

Նախօրեին ՄըքՔեյնը հանդիպում էր ունեցել ընդդիմության առաջնորդների ու ցուցարարների հետ: Նա Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել հարգել սեփական հայացքները խաղաղ կերպով դրսևորելու` քաղաքացիների իրավունքը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ` համաժողովրդական հավաքի մասնակիցները ընդունել են բանաձև, որով անթույլատրելի են համարում Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը, և պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, եվրաինտեգրման կողմնակիցների հավաքին մասնակցել է 18 հազար մարդ: Ընդդիմության պնդմամբ` մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 200 հազարի:

Իսկ հարևանությամբ գտնվող Եվրոպական հրապարակում հանրահավաք են անցկացնում նախագահի Վիկտոր Յանուկովիչի և վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության կողմնակիցները: Իրավապահների հաշվարկով` այստեղ հավաքվել է մոտ 15 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG