Մատչելիության հղումներ

Տիգրան Համասյանը Երևանում կներկայացնի իր նոր ալբոմը


Երիտասարդ, բայց արդեն հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր, երգիչ Տիգրան Համասյանը վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի իր նոր` «Ստվերների թատրոն» ալբոմը:

«Ամենակարևորը` կյանքում անել այն, ինչը շատ ես սիրում: Ինձ համար երաժշտությունն ամենակարևորն է», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Համասյանը:

Մի քանի տարի առաջ Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված երաժիշտն ու իր խումբը միայն այս տարի ավելի քան 40 համերգ են տվել եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում:

Համասյանը ծնվել է Գյումրիում: Երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան, սովորել է անվանի երաժիշտ Վահագն Հայրապետյանի մոտ. - «Երբ տասնմեկ տարեկան էի, հասկացա, թե ինչ է ջազը` շնորհիվ Վահագն Հայրապետյանի»:

25-ամյա երաժիշտը համամիտ չէ, երբ իրեն վիրտուոզ դաշնակահար են անվանում. - «Ես շատ ընկերներ ունեմ, որոնք կլասիկ դաշնակահարներ են, և երբ հանդիպում ենք, զրուցում ենք: Հենց իրենք սկսում են նվագել, ես հասկանում եմ, որ ընդհանրապես կապ չունեմ վիրտուոզ բառի հետ»:

Երեկ, ի դեպ, կառավարության նիստում որոշում է կայացվել Տիգրան Համասյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Այս առնչությամբ նա ասաց. - «Ինձ չի թվում, որ ես բանակում ավելի լավ կծառայեմ իմ հայրենիքին: Շրջագայելը և հայկական երաժշտություն նվագելը դրսում, դրսի հանդիսատեսի համար, դրսի հայերի համար, ինձ թվում է ավելի կարևոր ծառայություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG