Մատչելիության հղումներ

Սփյուռքի նախարարը կոչ է անում աջակցել Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչով դիմում է բոլոր հայերին՝ գումար փոխանցել Նոր Հալեպ թաղամասի կառուցման համար բացված հաշվեհամարին։

«Ուզում եմ դիմել բոլոր մեծահարուստներին, որ իրենք համարեն Նոր տարվա փոքրիկ նվեր սիրիահայությանը: Ուզում եմ դիմել բոլոր տղամարդկանց, որ այս շաբաթ իրենց փոքրիկ խնջույքները նվիրեն սիրիահայությանը: Ուզում եմ դիմել բոլոր կանանց` այս ամիս իրենց համար զգեստ, որևէ բան գնելու փոխարեն թող այդ գումարը նվիրեն սիրիահայությանը: Այնպես որ, եթե ուզենանք, շատ արագ ձևով մենք կարող ենք օգնել այս մարդկանց», - ասաց նախարարը:

Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար նախատեսվում է երկու տարուց շահագործման հանձնել շուրջ 500 բնակարանով թաղամասը՝ 20-24 բազմահարկ շենքերով ու առանձնատներով։ 1-3 սենյականոց բնակարաններով թաղամասի կառուցման համար, նախարարության գնահատականներով, կպահանջվի շուրջ 35 միլիոն դոլար։

Ամիսներ առաջ Նոր Հալեպ թաղամասի կառուցման համար բացված հաշվեհամարին արդեն փոխանցվել է ավելի քան 100.000 դոլար։ Նախարարի տվյալներով, խոստումներ են տվել նաև հայտնի գործարարներ։

Կես տարի առաջ Աշտարակի քաղաքապետարանը շուրջ 5 հեկտար տարածք է անհատույց հատկացրել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը։ Դեռևս ամայի, անբերակարգ տարածքը ճարտարապետներ Գոհար և Վահե Թութունջյանների նախագծով կվերածվի ժամանակակից, նորաոճ թաղամասի։ Տարածքում կատարվել են երկրաբանահետախուզական աշխատանքներ, արդեն պատրաստ է թաղամասի նախագիծը։ Հեղինակները նախագծել են ոչ միայն, բնակելի տարածքներ, այլև խանութներ, ակումբ, առողջապահական հատված։

Նոր Հալեպ թաղամասի բնակարանների մեկ քառակուսի մետրը սիրիահայերին կվաճառվի մինչև 500 դոլարով:

Այս ծրագիրն, ինչպես նշում է Սփյուռքի նախարարը, սոցիալական չէ, բայց նպատակ ունի աջակցել սիրիահայերին հաստատվել հայրենիքում։ Եվ որքան շատ գումարներ հավաքվեն, այնքան սիրիահայերը քիչ կվճարեն բնակարանի համար։ Նախնական տվյալներով, նրանք վճարելու են բնակարանի արժեքի մեկ երրորդը։

Սիրիական պատերազմի պատճառով հայրենիք տեղափոխված սիրիահայերը, որոնք գոնե այս շրջանում հետդարձի ճանապարհ չունեն, մեծ ցանկություն ունեն հայրենիքում սեփական բնակարանն ունենալ։ Բայց առաջին խնդիրը գումարների բացակայությունն է։ Պատերազմից մազապուրծ, Հալեպում ունեցվածքը թողած սիրիահայերը անցած երկու տարում գրեթե սպառել են իրենց հետ բերած գումարները։ Այժմ հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունների ու հայաստանյան բանկերի օգնությամբ կարողանան Նոր Հալեպ թաղամասում իրենց տանիքը ունենալ։

Հայաստանում այժմ բնակվում է 11.000 սիրիահայ։ Նրանցից աշխատանք ունի միայն շուրջ տասը տոկոսը։
XS
SM
MD
LG