Մատչելիության հղումներ

Այսօր Տրանսպորտի և կապի նախարարության հայտարարած միջքաղաքային և գյուղական մի քանի երթուղիների համար մրցույթը անցավ առանց մրցակցության:

7 երթուղիների համար մրցում էին 5 ընկերություն: Հանձնաժողովը ներկայացված 14 երթուղային միկրոավտոբուսների ստուգումն ավարտեց բավականին արագ՝ 20-30 րոպեում, յուրաքանչյուր մեքենային տրամադրելով մոտ 2 րոպե:

Մրցութային հանձնաժողովի նախագահ Դավիթ Մելքոնյանը «Ազատության» հետ զրույցում փաստեց, որ այս երթուղիներից յուրաքանչյուրը սպասարկելու համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել: Հարցին, թե արդյոք մրցակցության բացակայությունը պայմանավորվա՞ծ է նրանով, որ երթուղիները սպասարկող ընկերությունները որոշակի պաշտոնյաների են պատկանում, հանձնաժողովի նախագահը պատասխանեց.- «Ինձ էդպիսի հարցեր մի տվեք, ես չգիտեմ ոչ պաշտոնյա, ոչ մեծահարուստ: Իմ համար բոլորը փոխադրող են և կազմակերպության անուն»:

Հայտնի է, որ ինչպես Երևանի ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիները սպասարկելու համար սովորաբար մեծ մրցակցություն չի լինում, որովհետև այդ երթուղիները շատ հաճախ սպասարկում են տարբեր պաշտոնյաների հովանավորությունը վայելող ընկերություններ:

«Հնարավոր է, ես չեմ կարող բացառել դա, բայց ամեն դեպքում նոր մրցութային կարգը, որը հուսով ենք հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնի, այդ խնդրին լուծում տվել է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Անդավ» ընկերության տնօրեն Անուշավան Նիկողոսյանը, ով երկու անգամ՝ 2005-ին և 2007-ին մասնակցել է մրցույթին, սակայն պարտվել է:

Նիկողոսյանը չհաղթեց նաև ամռանը տեղի ունեցած Երևան-Տաշիր երթուղին սպասարկելու համար մրցույթում, որը ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, ցանկանում է սպասարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունեցող մի ընկերություն:

«Ամռան արդյունքները ամփոփվեցին, իմ հայտում կային թերություններ, իհարկե, անկեղծ ասեմ, վիճելի էին, բայց քանի որ ես նպատակ ունեմ ոլորտում աշխատելու, ես խուսափեցի ակնհայտ հակամարտության գնալուց: Մինչ այսօր էլ թափուր է այդ երթուղին, բայց ես այս անգամ հայտ եմ ներկայացրել Ստեփանավան-Երևան երթուղու համար, քանի որ իմ արտադրական բազան Ստեփանավանում է»,- ասաց նա։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն երկու շաբաթվա ընթացքում:
XS
SM
MD
LG