Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն և Հայաստանն աշխատում են «իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ»


Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու փոխանցմամբ` Եվրամիությունն ու Հայաստանն այժմ աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ, և հնարավոր է, որ դա լինի ասոցացման մասին նոր համաձայնագիր:

Ռաչինսկին, սակայն, ընդգծեց, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում:

«Այսօր Եվրամիությունն ու Հայաստանը աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ», - «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ասաց Ռաչինսկին: - «Դեռևս հարց է, թե դա ինչ է լինելու: Սակայն ես չեմ բացառում, որ դա կարող է լինել ասոցացման մասին ինչ-որ համաձայնագիր, բայց փոքր-ինչ այլ տեսակի, որովհետև ասոցացման վերաբերյալ կան տարբեր համաձայնագրեր: Հյուսիսային Աֆրիկայի երկրները 1990-ական թվականների կեսերից սկսեցին ստորագրել նման համաձայնագրեր: Այն, ինչ առաջարկվում էր Արևելյան գործընկերներին, լիովին այլ ասոցիացիա էր՝ այն, օրինակ, հնարավորություն կտար մարդկանց լեգալ կերպով աշխատել Եվրամիության երկրներում, կստեղծեր ազատ առևտրի գոտի, երիտասարդ սերնդի համար կապահովեր ուսուցողական ծրագրեր: Այսինքն՝ նույն անվան տակ թաքնված են քաղաքական ու տնտեսական տարբեր իրականություններ, ու կարող է այնպես լինել, որ անվանումը պահպանվի, սակայն այն իր մեջ կպարունակի սակավ սերտ համագործակցություն, քան ենթադրվում էր ի սկզբանե»:

«Եկեք անկեղծ խոսենք: Միգուցե մենք վերցրել էինք չափից դուրս արագ տեմպ, միգուցե այդ նախագծերը չափից դուրս ամբիցիոզ էին, և Արևելյան գործընկերության երկրները ուղղակի ի վիճակի չէին մասնակցել այն նախագծում, որն ի սկզբանե առաջարկվում էր», - նշեց դեսպանը: - «Իմ տեսլականը հետևյալն է: Հայաստանի անվտանգությունը երաշխավորվում է ՀԱՊԿ-ում անդամակցությամբ, երկրորդ՝ Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններով, և այս ամենը հակասության մեջ չի են մտնում Եվրամիության ասոցացման համաձայնագրի հետ: Ճիշտ է, դեռևս նման օրինակներ մենք չունենք, սակայն ինչո՞ւ Հայաստանը առաջիններից մեկը նման օրինակ ցույց չտա: Այսինքն, ի նկատի ունեմ, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի երաշխավորած անվտանգության տիրույթում, սակայն միաժամանակ օգտվում է այն առավելություններից, նոու-հաուներից, որոնք կարող է տրամադրել Եվրամիությունը»:

Դեսպանի ներկայացմամբ` Հայաստանը ոչ թե հրաժարվել է, այլ կանգնցրել է իր ընթացքը Եվրամիության հետ ինտեգրացիայի ճանապարհին: Պատճառը, ըստ Ռաչինսկու, այն էր, Ռուսաստանը «հիշեցրեց այն իրականությունը, որտեղ ապրում են հետխորհրդային երկրները»: Հարցին` Դուք գիտե՞ք, որ Ռուսաստանն ասել է Հայաստանի ղեկավարությանը, որ եթե դուք ԵՄ հետ ստորագրեք Ասոցացման համաձայնագիրը, ռուսական շուկան կփակվի հայկական ապրանքների համար», դեսպանն արձագանքեց. - «Դա ուղղակի ասաց նախագահ Պուտինը Մինսկում, որ այն երկրների համար, որոնք Ասոցացման մեջ են մտնում Եվրամիության հետ, արտոնությունների ճանապարհը փակված է»:

«Միգուց հույս կար, որ Արևելյան գործընկերության երկրները կցուցաբերեն ավելի նպատակասլաց գործողություններ, որովհետև այդ երկրները ահա արդեն քսան տարուց ավելի է, ինչ անկախ են և ստեղծել են տնտեսություններ, պետական ինստիտուտներ: Սակայն, ըստ ամենայնի, այդ ամենը այդքան էլ արդյունավետ չէր, որպեսզի նշված երկրները կարողանան մեկնել այլ նավարկության, քանզի հետգաղութատիրական իրականությունը ավելի ծանր բեռ դուրս եկավ, քան նախկինում թվում էր», - հավելեց դեսպանը:

Միևնույն ժամանակ, Լեհաստանի դեսպանը կասկած հայտնեց, թե Ռուսաստանին կհաջողվի վերականգնել Խորհրդային Միությունը՝ «կայսրությունը», ինչպես ինքն ասաց, որովհետև Մոսկվան կայսրությունը վերականգնելու համար ներուժ չունի:

«Մյուս կողմից, ակնհայտ է, որ Մաքսային միությունում հակասություններ կան», - ասաց Զդիսլավ Ռաչինսկին: - «Այսօր Մաքսային միության երեք երկրներից երկուսը էներգակիրների խոշոր արտահանողներից են՝ Ռուսաստանն ու Ղազախստանը: Այդ երկրները, իհարկե, շահագրգռված են, որպեսզի պրոտեկցիոնիզմ լինի մաքսային քաղաքականությունում, իսկ Հայաստանը՝ ճիշտ հակառակը, շահագրգռված է մաքսային հնարավորինս բաց քաղաքակությամբ: Եվ ինձ դժվար է պատկերացնել, թե նման երկու տարբեր ձգտումներ ինչպես պետք է մեկտեղվեն»:
XS
SM
MD
LG