Մատչելիության հղումներ

Վերաքննիչը Հարությունյանի բողոքը մերժեց պահանջի բավարարումից երկու օր անց


Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013

Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված Շանթ Հարությունյանին հոգեբուժարանից կալանավայր տեղափոխելուց երկու օր անց՝ դեկտեմբերի 12-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը:

Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը Վերաքննիչ քրեական դատարան բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նոյեմբերի 19-ին կայացրած որոշման դեմ և պահանջել էր նրան տեղափոխել կալանավայր:

Առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է կատարվել ոչ թե նման դեպքերում ընտրվող ժամկետում՝ առավելագույնը 24 օրում, այլ՝ մինչև երկու ամիս ժամանակահատվածում: Բայց պարզվում է՝ վերաքննիչ բողոքի առկայության պայմաններում ընդամենը 20 օրը բավարար է եղել Շանթ Հարությունյանին հոգեբուժարանում պահելը: Դեկտեմբերի 10-ին նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ:

Պաշտպանը Հարությունյանին հոգեբուժարանից կալանավայր տեղափոխելուց հետո դեռ նրան չի հանդիպել, ասաց՝ առաջիկա օրերին կփորձի հանդիպել իր պաշտպանյալին:

Ինչո՞ւ Վերաքննիչ դատարանը Շանթ Հարությունյանի բողոքին անդրադարձավ նրան կալանավայր տեղափոխելուց երկու օր անց: Պաշտպան Ինեսա Պետրոսյանը հիշեցրեց Վերաքննիչ դատարանի պարտավորությունը բողոքը ստանալուց հետո դրա քննության ժամկետի հարցում։

«Նոյեմբերի 19-ին է կայացվել վիճարկվող որոշումը, հինգ օրվա ընթացքում բողոքարկվել է իմ կողմից, և համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների, եռօրյա ժամկետում արդեն իսկ պետք է նշանակվեր քննության»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով.- «Արձանագրում եմ փաստը, որ ուշացվել է բողոքի քննությունը, այդ ընթացքում իրենք արդեն Շանթ Հարությունյանին տեղափոխեցին»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է, որ Հարությունյանին կալանավայր վերադարձնելու ժամանակը ուղիղ կապ ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու փաստի հետ։

«Ոստիկանապետը ի սկզբանե շատ վճռական էր տրամադրված Շանթին պատժելու հարցում՝ իր ըմբոստացման համար, և հիմա նրան հետ վերադարձնելը այն հանրային աղմուկն էր, իրավապաշտպանների բողոքներին էին ոստիկանապետի դեմ, ով Շանթի նկատմամբ բռնություններ էր կիրառել հենց մեկուսարանում։ Կարծում եմ, այս աղմուկը ուղղակի ազդեցություն ունեցավ ոստիկանապետի վճռականության վրա, որով նա փորձում էր Շանթին պահել հոգեբուժանարում երկու ամիս ժամկետով»,- ասաց Ալեքսանյանը։

Կալանավայրում Հարությունյանի նկատմամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ բռնություն գործադրելու տեղեկությունը հրապարակել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ այդ տեղեկությունը վերահաստատել էր նաև Շանթ Հարությունյանին տեսակցած իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հարությունյանը ձերբակալվել էր նոյեմբերի 5-ին, կալանավորվել՝ նոյեմբերի 8-ին՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով: Քննիչի որոշմամբ, նոյեմբերի 5-ի գործով կալանավորված մյուս քաղաքացիների դեպքում ևս արգելված են տեսակցությունները:
XS
SM
MD
LG