Մատչելիության հղումներ

Նավասարդյանը եվրաինտեգրման առումով նահանջ է ակնկալում


Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:

Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:

Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի կարծիքով` առաջիկայում պետք է նահանջ ակնկալել եվրաինտեգրման մի շարք ոլորտներում:

Նավասարդյանի խոսքով` եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն ուղղությունները հիմնականում փոխհակասող են ու ենթադրում են տարբեր պարտավորություններ:

«Ցավոք, ես լավատես չեմ այդ առումով և գտնում եմ, որ շատ ուղղություններով, որտեղ մենք ունեցել ենք գոնե ֆորմալ առաջընթաց, նահանջ է տեղի ունենալու հետագա ամիսների ընթացքում: Եվ բազմաթիվ նոմատիվ փաստաթղթեր, որոնք պետք է Հայաստանի զարգացումը հնարավորինս մոտեցնեին եվրոպական ստանդարտներին, փոփոխվելու են և հարմարեցվելու են Մաքսային միության ստանդարտներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանը, ով այսօր Երևանում մասնակցում էր Եվրոպական ինտեգրացիայի հերթական համաժողովին:

Լավատես է, մինչդեռ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով համաժողովի իր ելույթում ասաց. - «Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Եվրամիության հետ և Արևելյան գործընկերության հետագա զարգացման համար նոր լուծումների ու նոր մոդելների որոնման առումով հաջորդ տարին շրջադարձային է լինելու: Բոլորիս անհրաժեշտ է վերաիմաստավորել Պրագայից մինչև Վիլնյուս անցած ճանապարհը և գտնել հետագա փոխգործակցության ամենաճիշտ ուղին: Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում Ասոցացման համաձայնագրի չնախաստորագրումը չպետք է նվազեցնի Եվրոպայի հետ մեր փոխգործակցության խորացման ձգտումը կամ ստվերի արդեն իսկ կատարված հսկայական աշխատանքը»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով` Հայաստանը այսօր անորոշ վիճակում է և փորձում է Եվրամիության հետ հետագա համագործակցության ճանապարհներ գտնել, և դեռ պարզ չէ` պատրաստ կլինի՞ արդյոք Մոսկվան ընդունել եռակողմ համագործակցության այս մոդելը:

Իսկ այսօր, նրա խոսքով, ընտրվում են այն ոլորտները, որոնք լուրջ խնդիրներ չեն ստեղծի Մաքսային միությանը անդամակցության հարցում. - «Հայաստանը հնարավորություն կունենա Եվրամիության որոշ ծրագրերին մասնակցելու` կրթական ոլորտում, մշակույթի և այլ ոլորտներում, որոնք այս պահին, ելնելով ստեղծված իրավիճակից, միգուցե ամենաիրատեսական ոլորտներն են, որտեղ Հայաստանը և Եվրամիությանը կարող են համագործակցել, մինչև մենք հասկանանք, թե քաղաքական պայմանները հնարավորություն կստեղծե՞ն նաև այլ ոլորտներում համագործակցելու»:

Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն ասաց, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի որոշումը և շարունակելու է աջակցություն ցուցաբերել այն ոլորտներում, որոնք համատեղելի կլինեն Հայաստանի նոր հանձնառությունների հետ. - «Հիմնական շեշտը դրվելու է քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումների, նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների վրա»:

Եվրոպական ինտեգրացիային վերաբերող այսօրվա համաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայից ժամանած փորձագետ Մարիուս Լաուրինավիկիուսը: «Ազատության» հարցին, թե արդյոք իր երկրում կատարվող իրադարձությունները կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, նա պատասխանեց, թե որևէ այդպիսի նախադրյալ չի տեսնում:

«Ուկրաինան նաև մեծ երկիր է, որին շանտաժով կամ ճնշումներով Ռուսաստանին դժվար կլինի նվաճել: Իսկ Հայաստանը փոքր երկիր է՝ շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքով, և եթե Ռուսաստանը Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենք է վաճառում, ապա այստեղ ազգային անվտանգության խնդիր է առաջանում Հայաստանի համար»:

Իսկ Բորիս Նավասարդյանի կարծիքով` ուկրաինական սցենարի կրկնությունը Հայաստանում հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ իրենց կաշվի վրա զգան Մաքսային միությանը միանալու սոցիալ-տնտեսական բացասական ազդեցությունը, ինչպես դա եղավ Ուկրաինայում:
XS
SM
MD
LG