Մատչելիության հղումներ

«Վաշինգտոն Փոսթ»-ը կարծում է՝ տարվա մարդը Պուտինն է


Վլադիմիր Պուտինը պատրաստվում է տարեկան ուղերձով դիմել ժողովրդին։ Մոսկվա, Կրեմլ, 12 դեկտեմբերի, 2013թ.

Վլադիմիր Պուտինը պատրաստվում է տարեկան ուղերձով դիմել ժողովրդին։ Մոսկվա, Կրեմլ, 12 դեկտեմբերի, 2013թ.

«Վաշինգտոն Փոսթ»-ը համաձայն չէ «Թայմ»-ի ընտրության հետ։

«Թայմ» հանդեսը 2013 թվականի մարդ է ճանաչել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Ըստ «Թայմ»-ի կանոնների, տարվա մարդ է ճանաչվում անձը, ով առավել ազդեցություն է գործել ավարտվող տարվա զարգացումների վրա։

Հանդեսի խմբագիրների համոզմամբ, գահակալության ինը ամիսների ընթացքում հովվապետը նախաձեռնել է կենսական նշանակության խնդիրների քննարկումներ բարոյականության, աղքատության, հարստության, արդարադատության, գլոբալացման, հանրային կյանքում կանանց դերի, ընտանեկան արժեքների մասին, իր հայտարարություններով ոգևորություն է առաջացրել կաթոլիկ աշխարհի բարեփոխականների և մտահոգություն` պահպանողականների շրջանում։

Մոլորակի քաղաքական շրջանակներում մեծ նշանակություն են տալիս «Թայմ»-ի ընտրությանը, մինչդեռ, ամերիկյան մեկ այլ պարբերականի` «Վաշինգտոն Փոսթ»-ի խմբագրակազմն ընտրության հարցում համաձայն չէ գործընկերների հետ։ Թերթում WorldViews բլոգը վարող մեկնաբանների խմբի կարծիքով, տարվա մարդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։

Նրա քաղաքականությունը լուրջ տեղաշարժ է առաջացրել միջազգային ասպարեզում։ Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը ճարպիկ ձևով օգտագործել են Սիրիայի պատերազմը, կանխելով Արևմուտքի ռազմական միջամտությունը, Ռուսաստանը` թեկուզ կարճ ժամանակով, մոլորակի գերտերության դեր է ստանձնել։

Մոսկվան ապաստան է տրամադրել ամերիկյան հետախուզական կառույցների նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենին, որի հրապարակած սկանդալային նյութերը Եվրոպայում և այլ մայրցամաքներում հակաամերիկյան տրամադրություններ են առաջացրել։

WorldViews-ի բլոգեր Մաքս Ֆիշերի համոզմամբ, Պուտինը վճռական ազդեցություն է գործել նաև ներռուսական կյանքում՝ էլ ավելի սահմանափակելով մամուլի ազատությունը, քաղաքացիական իրավունքները և քաղաքական մրցակցությունը։

«Ամերիկացիները դրա հետևանքները կըմբռնեն նոր տարուց, երբ կհամոզվեն, որ այլևս չեն կարող որդեգրել ռուսաստանցի մանուկներին։ Պուտինն ամեն անգամ կարողանում է լռեցնել քննադատներին երկրի ներսում և դրսում, ամեն անգամ, յուրաքանչյուր վիճահարույց կացության մեջ, Վլադիմիր Պուտինն ապացուցում է բոլորին, որ ինքն է Ռուսատանի տիրակալը, անկախ այն բանից, դա դուր է գալիս մարդկանց, թե՞ ոչ»,- գրում է բլոգերը։

Այս հանգամանքները վերլուծելով էլ, «Վաշինգտոն Փոսթը» հանգել է այն եզրակացության, որ 2013 թվականի մարդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վրադիմիր Պուտինն է։
XS
SM
MD
LG