Մատչելիության հղումներ

Առաջիկա առնվազն չորս տարիներին Ադրբեջանը որևէ եկամուտ չի չի ստանա գազի վաճառքից, Բաքվում գործող Fineco լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի ֆինանսների փոխնախարար Ալի Բայրամովը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները պետք է հրաժեշտ տան այն լավատեսական ակնկալիքներին, թե «Շահդենիզ» գազային հանքավայրի շահագործման դեպքում երկրի բյուջեն մոտ ապագայում լուրջ ֆինանսական մուտքեր է ապահովելու:

«Դրա գլխավոր պատճառը գազի արդյունահանման երկրորդ փուլն իրագործելու համար անհրաժեշտ շուրջ 40 միլիարդ դոլարի ներդումներն են»,- ասել է Բայրամովը։

«Գազի արդյունահանումից վերջին եկամուտները ադրբեջանական բյուջեն կստանա 2013-ին: 2014 թվականից սկսած եկամուտները զրոյական կլինեն մինչև 2017-2018 թվականները»,- հայտարարել է ֆինանսների փոխնախարարը:

Նրա խոսքով՝ առաջիկայում Ադրբեջանն ու «Շահդենիզ» նախագծում ներգրավված արևմտյան ընկերությունները ստիպված են լինելու վերանայել նախապես կնքված պայմանագրի որոշ դրույթներ, նախևառաջ այն կետերը, որոնք վերաբերում են ապագա շահույթի վերաբաշխմանը:

Ի դեպ, ըստ «Թուրան» գործակալության, կասպիական գազի արդյունահանումից ստացված եկամուտները շատ ավելի համեստ էին, քան ակնկալում էր պաշտոնական Բաքուն:

«2007 թվականից ի վեր Ադրբեջանը գազի վաճառքից ստացել է մոտ 1.5 միլիարդ դոլարի շահույթ: Համեմատության համար նկատենք, որ ընդամենը մեկ տարում, ասենք, 2006-ին, նավթի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 1 միլիարդ 200 միլիոն ամերիկյան դոլար»,-վկայակոչելով Բաքվում գործող Նավթային հետազոտությունների կենտրոնի հրապարակած տվյալները` գրում է «Թուրան»-ը։

Ֆինանսների փոխնախարար Ալի Բայրամովի հայտարարությունը հակասում է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի ավելի վաղ հնչեցված այն պնդմանը, թե Ադրբեջանն ու արևմտյան ընկերությունները միասին միայն գազի արդյունահանումից առաջիկա տարիներին կարող են շուրջ 200 միլիարդի եկամուտ ստանալ:

«Կարծում եմ,որ Ադբուլաևի հայտարարությունները փոքր ինչ լավատեսական էին»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

Վերջին երեք տարիների զգալիորեն նվազում են նաև ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները: Այս ֆոնին բնական է, որ պաշտոնական Բաքուն բավական նյարդային արձագանքեց ֆինանսների փոխնախարարի սկանդալային հարցազրույցին: Այսօր առավոտյան այն հեռացվեց Fineco գործակալության կայքից, իսկ ֆինանսների նախարարության մամուլի քարտուղարը հայտարարեց, թե փոխնախարարն ընդհանրապես որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

«Ադրբեջանական լրագրության պատմության մեջ սա աննախադեպ իրադարձություն, երբ գերատեսչությանը մամուլի քարտուղարը հերքում է իր իսկ ղեկավարներից մեկի հայտարարությունները»,- այսօր գրել է Haqqin.az կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG