Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց 2014 թվականի պետական բյուջեն


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում խորհրդարանում: 12-ը դեկտեմբերի, 2013թ.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում խորհրդարանում: 12-ը դեկտեմբերի, 2013թ.

Իշխող մեծամասնության ջանքերով` 70 կողմ, 40 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, Ազգային ժողովն այսօր ընդունեց 2014 թվականի պետական բյուջեն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկությանը նախորդած իր ելույթում մեծ տեղ հատկացրեց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Նրա խոսքով` այդ «արդար համակարգն այլընտրանք չունի», հարկավոր է օր առաջ ներդնել այն. - «Երեկ ես հանդիպեցի տեղեկատվական տեխնոլորգիաների բնագավառի երիտասարդների, որոնք նույնպես բավականին ակտիվ քննադատում էին այս հայեցակարգը: Բայց մի բան ինձ չափազանց ուրախացնում է. մենք ձեզ հետ տեսնում ենք, թե օրեցօր ինչպես է ուժեղանում քաղաքացիական հասարակությունը, և այս ռեֆորմը ընդամենը չորս տարիների ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը»:

Արծվիկ Մինասյանն (ՀՅԴ) ասաց, թե վարչապետի նկարագրություններն իրականության հետ քիչ առնչություն ունեն: Հիշեցնելով, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը մերժել է Ազգային ժողովում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը քննարկելու առաջարկությունը` Մինասյանն ասաց. - «Ուրեմն կհանդիպենք Սահմանադրական դատարանում»:

Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) հիշեցրեց այս տարվա մարտի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը` այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա, և ասաց. - «Բյուջեի նախագծում կառավարությունը նախատեսել է 5.8 տոկոս տնտեսական աճ»:

Կառավարությունը, սակայն, չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնիսկ հանգստացրեց լրագրողներին. - «Քանի որ այդպիսի գործընթաց դեռևս չկա, վայելեք հայրենի կառավարության աշխատանքները»:

Ֆինանսների նախարարն ասաց, թե Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարություն է արել. - «Եթե 7 տոկոս տնտեսական աճ չի ապահովվում, հարցը, որ քննարկման է ենթակա` արդյո՞ք կառավարությունը իրականացրել է առավելագույնը, թե՞ ոչ»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այդ կապակցությամբ ասաց. - «Չգիտես խնդա՞ս, թե՞ լաս: Ո՞նց կարող է Ֆինանսների նախարարը այդպիսի հայտարարությունը, որ պետք է կառավարությունը տարեկան ապահովի այսքան տնտեսական աճ, դա համարել քաղաքական հայտարարություն: Ես էլ կարող եմ իր հայտարարությունը համարել մանկական հայտարարություն»:

Նաիրա Զոհրաբյանին (ԲՀԿ) կառավարության ոչ մի հայտարարություն այլևս չի զարմացնում. - «Փաստորեն նկատի ուներ, որ Հանրապետության նախագահը ասել է, և վարչապետը պարտավոր չէ Հանրապետության նախագահի քաղաքական լուրջ հայտարարությունից հետո հետևություններ անել»:

ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան մերժել է Հայաստանին գումարներ տրամադրել: Կառավարության ղեկավարը կորպորացիային դիմելու մասին հայտարարել էր անցած ամիս:

«Ազատություն» ռադիոկայանին անցած հունիսին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը չէր հերքել, որ ծրագիրը դադարեցվել էր քաղաքական պատճառներով: Նա հավելել էր, բոլոր ցուցանիշները շտկված են, բացի կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշից, ու եթե այդտեղ էլ հաջողություն արձանագրենք, նորից կդառնանք «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շահառու:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ասաց, թե մերժումը կոռումպացվածության հետ կապ չունի, Հայաստանը բոլոր ցուցանիշներով համապատասխանում էր. - «Այդ հարցը [«Հազարամյակի մարտահրավեր»-ի], կարծում եմ, որևէ կապ չունի այդ չափանիշների հետ»:

Զարուհի Փոստանջյանի (»Ժառանգություն») խոսքով, կոռուպցիան Հայաստանում համատարած է. - «Զեկույցներից մեկում ԵԽԽՎ ամառային նստաշրջանում արձանագրում էր, որ Հայաստանը` Ռուսաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի հետ, թոփ հնգյակի մեջ է որպես կոռումպացված երկիր»:

Արամ Մանուկյանի (ՀԱԿ) կարծիքով, Հայաստանին մերժել են, որովհետև չեն հավատում:
XS
SM
MD
LG