Մատչելիության հղումներ

Հայաստանը ՍԾՏՀ-ի նախագահությունը հանձնեց Բուլղարիային


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ այսօր Երևանում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ հանդիպումը:

Նիստին մասնակցում էին պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ և ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից և միջազգային կազմակերպություններից:

ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման օրակարգում էին Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման և ընդլայնման, ՍԾՏՀ-ի և միջազգային կազմակերպությունների, ԵՄ-ի հետ համագործակցության խթանման հարցերը:

Բացելով արտգործնախարարների խորհրդի նիստը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՍԾՏՀ-ում Հայաստանի վեցամսյա նախագահության ընթացքում իրականացված գործունեության արդյունքները: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը ավելի լայն հնարավորություն կընձեռի անդամ-պետությունների միջև համագործակցության խթանման, տնտեսության բնագավառում տարածաշրջանային և միջազգային բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ՍԾՏՀ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման համար:

Նախարար Նալբանդյանը նշեց նաև, որ նախագահության ժամանակահատվածում առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը:

ՍԾՏՀ անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների ղեկավարներն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի գործունեությունը` որպես կազմակերպության նախագահող` նշելով, որ այդ շրջանում ՍԾՏՀ աշխատանքները ակտիվ էին և արդյունավետ:

Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Բուլղարիայի ԱԳ նախարար Կոնստանտին Վիգենինին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Բուլղարիայի արտգործնախարար Կրիստիան Վիգենինի և ՍԾՏՀ գլխավոր քարտուղար համատեղ մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG