Մատչելիության հղումներ

Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի միայն հաջորդ տարի


Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի միայն հաջորդ տարի
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00
Չնայած Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության պաշտոնական մեկնարակը տրվեց անցած տարվա նոյեմբերի 8-ին, և հիմնարկեքի արարողությանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ասաց, որ ՀԷԿ-ի նախագծային փուլը դեռ չի ավարտվել, այն կավարտվի առաջիկայում և հաջորդ տարի միայն կսկսվի շինարարությունը:

«Նախագծերը արդեն վերջացնելու փուլում են, հաջորդ տարվանից, ինձ թվում է, շինարարական աշխատանքները կսկսվեն», - պատասխանելով «Ազատության» հարցին` ասաց նախարարը:

Անցած ամիսների ընթացքում Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հարցը շարունակաբար գտնվում էր հանրության ուշադրության կետրոնում, որովհետև հիմնարկեքի այդ հանդիսավոր արարողությունից հետո շինարարական աշխատանքները այդպես էլ ընթացք չստացան:

Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողության մասին տեղեկատվությունը Էներգետիկա և բնական պաշարների նախարարության կայքէջում:
Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողության մասին տեղեկատվությունը Էներգետիկա և բնական պաշարների նախարարության կայքէջում:
Թեև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջում անցած տարվա նոյեմբերի 8-ին տեղադրված հաղորդագրությունում, որը վերնագրված է «Մեկնարկեց Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը», նշված է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում:

Ի դեպ, հիմնարկեքի օրը Արմեն Մովիսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն անձամբ կատարեցին շինարակական առաջին աշխատանքները՝ բահերով ցեխաշաղախ լցնելով փոսի մեջ, իսկ քիչ հեռու կանգնած նախագահ Սերժ Սարգսյանն էլ հորդորեց նախարարներին, թե բավական է, մնացած աշխատանքն էլ ուրիշները կանեն:

Մինչդեռ այսօր պարզվեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծն անգամ պատրաստ չէ:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի ներկայացմամբ` այն, ինչ տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին և կոչվել է Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողություն, իրականում պարզունակ շոու էր, որի նպատակն էր այս փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ որոշակի դրական իմիջ ապահովել Սերժ Սարգսյանին:

«Ես կարող եմ ձեզ հիշեցնել այն ամենը, ինչ խոստացել է Սերժ Սարգսյանը 2008-ից հետո՝ Իրան-Հայաստան երկաթգիծ, բարձրավոլտ էլկետրահաղորդման գիծ, նոր ատոմակայան, Մեղրիի ՀԷԿ, և փաստն այն է, որ այս ամենից ոչ մեկը այսօր չկա և այդ ամենը նախընտրական շոու էր»,- ընդգծեց Գևորգյանը: - «2012 թվականի նոյեմբերի 8-ին իրականացված հիմնարկեքի արարողությունը, իմ կարծիքով, խայտառակություն է, երբ երկրի առաջին դեմքի մակարդակով ինչ-որ օբյեկտի շինարարության աշխատանքներ են սկսվում, որի նախագծային աշխատանքները, ինչպես պարզվեց այսօր, դեռ չեն ավարտվել»:

Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը կարող է զգալիորեն ամրապնդել Հայաստանի էներգետիկ անկախությունը, քանի որ էլեկտրաէներգիա ստանալու համար ստիպված չենք լինի գազ, նավթ կամ միջուկային վառելիք ներմուծել: ՀԷԿ-ի հզորությունը կազմելու է 130 ՄՎտ, որը հավասար է Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի հզորության շուրջ 1/3-րդին: Իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորումը ամբողջովին իր վրա է վերցրել իրանական կողմը` «Թավան Աբարազ» ընկերությունը, և ՀԷԿ-ի շահագործումից հետո 15 տարի Մեղրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է անցնի այդ ընկերությանը, որից հետո, այսինքն՝ շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրիի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին:

Այս դեկտեմբերի 6-ին Հայաստանում Իրանի դեսպանը ասուլիսի ժամանակ նշեց, որ 500 միլիոն դոլար արժողությամբ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը չի ընթանում, որովհետև իրանական ու հայաստանյան բանկային համակարգերի միջև՝ միջազգային պատժամիջոցների պատճառով չկա անհրաժեշտ համագործակցություն, ինչը խոչընդոտ է նաև գումարների փոխանցման համար: Դեսպանը, սակայն, հույս հայտնեց, որ Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների թուլացումից հետո գործը տեղից կշարժվի:

Այսօր Արմեն Մովիսիսյանին նաև հիշեցրեցինք Իրանի դեսպանի աղմուկ հանած հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները երբեք չեն բանակցել Իրանի հետ՝ սպառողների համար գազ գնելու նպատակով: Նախարարն ասաց, թե իրենք բանակացել են, այն էլ մի քանի անգամ և հավելեց. - «Եթե դեսպանը կպնդի, որ իրենք պատրաստ են էժան տալու, իհարկե կբանակցենք»:
XS
SM
MD
LG