Մատչելիության հղումներ

Սկանդալային բանավեճ խորհրդարանում


Հովիկ Աբրահամյանի և Փոստանջյանի միջև բանավեճը ձկնաբուծության ոլորտը կարգավորող կառավարության նախաձեռնությունից ծագեց
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ազգային ժողովում այսօր ընթացքող արտահերթ նստաշրջանում, երբ քննարկում էր ձկնաբուծության ոլորտը կարգավորող օրինագիծը, բուռն բանավեճ ծավալվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի միջև:

Նշված օրինագծով կառավարությունն առաջարկում է ավելացնել ապօրինի ջրօգտագործման համար սահմանված տուգանքները, և այդտեղ Փոստանջյանը վտանգ է տեսնում, այն է` դա փոքր բիզնեսը վերացնելու նպատակ ունի:

Նա հայտարարեց, թե կարող են այնպիսի պատժամիջոցներ ներկայացնել, որ փոքր բիզնեսն ընդհանրապես դուրս մնա մրցակցությունից:

«Փոքր առևտրի կրպակների տերերը չկարողացան դիմակայել մրցակցությանը, և հիմնականում առևտուրը տեղափոխվեց սուպերմարկետներ», - օրինակ բերեց Փոստանջյանը:

Հովիկ Աբրահամյանը հարկ համարեց արտահերթ ելույթով պատասխանել, ինչը արտառոց թվաց ընդդիմադիր պատգամավորին: Փոստանջյանն ասաց, թե դրանով Աբրահամյանն իրեն մատնեց. ձկնաբուծության բիզնես ունի և «ատամներով փորձում է պաշտպանում է իր շահերը». - «Իսկ ինչո՞ւ չեք փորձում պաշտպանել մեր հասարակությանը շահը, երբ այսօր մեկուկես միլիոն մարդ գտնվում է թշվառության մեջ: Ինչո՞ւ չեք փորձում նրանց աշխատավարձերը բարձրացնել, արժանապատիվ մակարդակի հասցնել, բայց մտածում եք միայն բարձրաստիճան պաշտոնյաների մասին»:

Սրան հետևեց Աբրահամյանի երկրորդ արտահերթ ելույթը. - «Բիզնեսով զբաղվելը, իհարկե, օրենքով արգելվում է պատգամավորին, բայց օրենքը թույլ է տալիս կառավարման և այլ պրոցեսներում ունենալ բիզնես: Եվ ես չեմ ամաչի, եթե ունենամ ձկնարդյունաբերության բնագավառում բիզնես, դրա մասին հայտարարել: Հասարակության մասին, որ խոսում են այստեղ որոշ մարդիկ, նստած տանը, աշխատասենյակում լսում են, թե որտեղ, որ փողոցի վրա ինչ դժգոհություն կա, վազում են այնտեղ և սկսում են իրենք Քրիստոսի դերակատարություն ստանձնել… Ամո'թ է, ամո'թ: Դա բոլորը հասկանում, բոլորը տեսնում են»:

Ի պատասխան` Փոստանջյանը նրան հորդորեց խորհուրդներ չտալ. - «Ենթակա եք, մնացեք Ձեր ենթակայության ներքո, Ձեզ համեստ պահեք: Այդ ենթակայության ներքո էլ Ձեզ պահեք և դրսևորեք: Ենթակա մարդիկ են այստեղ հավաքված: Բոլորի մասին է խոսքը հիմնականում: Եթե ենթակա չլինեիք, չէիք հանդուրժի այս իրավիճակը, որը հիմա տիրում է Հայաստանի Հանրապետությունում... Հանդուրժել եք, հիմա եկել խոսում եք: Տգե'ղ է, հարիր չէ', ամո'թ է»:

Պարզվեց, որ Հովիկ Աբրահամյանը ցուցակ ունի մամուլում իր դեմ նյութեր պատվիրողների անուններով: Նա ասաց, որ այսօր այդ ցուցակում մեկին էլ ավելացրեց` հայտարարելով, որ իմացել է, թե ով է իր` ձկնաբույծ լինելու մասին հոդվածների պատվիրատուն:

Ու թեև ԱԺ նախագահը անուններ չէր տալիս, բայց խոսքի սկզբում ասել էր, որ պատասխանում է Զարուհի Փոստանջյանին, և վերջինիս խորհուրդ տվեց այդ գումարները տրամադրել բարեգործությանը, այլ «ոչ թե հարստացնեն որոշ հաստավիզ մամուլի ներկայացուցիչների»:

Փոստանջյանը հակադարձեց. - «Եթե Դուք հորդորներ եք անում մարդկանց զբաղվել բարեգործությամբ, շատ լավ կլինի, Դուք թողնեք Ձեր պաշտոնը, երկիրը կառավարեն նոր, ազնիվ, ազգային մարդիկ, ովքեր երկրում գողությամբ և թալանով չեն զբաղվի, իսկ գողերին և թալանողներին կպատժեն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները աշխատունակ, բարեկեցություն ստեղծող քաղաքացիներ են: Նրանք կարիք չունեն բարեգործության, եթե դուք նրանց չթալանեք: Մամուլին եք վիրավորում, վախենո՞ւմ եք այդ մամուլից: Ուրեմն Դուք ենթակա մարդ եք, այո', վախենում եք: Ուրեմն որ գրում են, ինչ-որ բաներ կա, ճիշտ են գրում»:

«Տիկին Փոստանջյան, ես շատ ըմբռնումով մոտենում եմ Ձեր մաղձին, վերցնում եմ իմ վրա Ձեր մաղձը: Բայց այդ մաղձին ավարտ ունի՞, թե՞ չէ», - արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG