Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները իշխանություններին մեղադրում են գաղտնի բանակցություններ վարելու մեջ


Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններին մեղադրում են Մաքսային միությանն անդամակցության շուրջ գաղտնի բանակցություններ վարելու մեջ` կարծիք հայտնելով, որ նման գործընթացը չի կարող բխել Հայաստանի շահերից։

Երեկ, հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեցին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծն արդեն մշակված է, չորս երկրների փորձագետների կողմից այդ քարտեզի քննարկումից հետո պարզ կլինի, թե արդյոք փաստաթուղթը դեկտեմբերի վերջին կհաստատվի Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, և Հայաստանի ղեկավարների կողմից։

Ավելի վաղ` անցած շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանն էր Բնապահպանության նախարարությունում հայտարարել, որ Մաքսային միության հետ կապված դրական տեղաշարժեր ու լայն հնարավորություններ է տեսնում, բայց այդ հնարավորությունների մասին մանրամասն կխոսեն բանակցությունների ավարտից հետո։

Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի և ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները «Ազատության» հետ զրույցներում կարծիք հայտնեցին, որ առնվազն բանակցային գործընթացի հիմնական ուղղություններից հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է տեղեկացված լինեին:

«Գլոբալ հարց է, որը չի կարող լուծում ստանալ մեկ անձի կողմից, միայն կառավարության կողմից, միայն Ազգային ժողովի կողմից: Սրանք այն հարցերն են, որոնց պետք է անդրադարձ կատարի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի», - ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` շարունակելով. - «Ելքը ՀՀ քաղաքացիների ընդվզումն է: Ես հանրաքվե չեմ առաջարկում: Առաջին հերթին այս ապօրինի իշխանավորներին մենք պետք է հեռացնենք իշխանությունից և պատժենք իրենց»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծելով, որ նույն գաղտնիությամբ իշխանությունները բանակցում էին եվրոասոցացման շուրջ` հավելեց. - «Սերժ Սարգսյանը և նրա շրջապատը, նրա թիմը, ըստ էության, թքած ունի հասարակական կարծիքի վրա, թքած ունի խորհրդարանի վրա, բացարձակապես իրեն հաշվետու չի համարում հասարակության առջև և ժողովրդի թիկունքում ինչ-որ գործարքներ է կնքում»:

Ընդդիմադիր պատգամավորները համաձայն չեն բանակցությունների գաղտնիության վերաբերյալ նախագահի այն հիմնավորումներին, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության տարբեր խավերի հետ:

«Խոսքն այն մասին չէ, որ մեզ տրամադրեն արդեն մշակված տեքստեր կամ մանրամասներ: Խոսքն այն մասին է, որ երբ ինչ-որ գործընթաց սկսում ես, դու պետք է ժողովրդին ներկայացնես այդ գործընթացի հիմնական ուղղությունը, պատճառաբանես դա: Դեմոկրատական լիդերները հենց այդպես էլ վարվում են», - նշեց Զուրաբյանը` շարունակելով. - «Մեզ ոչ մի բան չեն ասում: Ես կարող եմ անգամ մտածել, որ ընդհանրապես նման բանակցություններ չեն գնում: Որովհետև երկրի ղեկավարությունը, լինելով ոչ լեգիտիմ, անգամ չի համարձակվում դնել նման հարցեր: 180 աստիճանի շրջապտույտ կատարեցին Ասոցացման պայմանագրից դեպի Մաքսային միություն: Եվ նման պայմաններում, երբ Սերժ Սարգսյանը կորցրել է Արևմուտքի, եվրոպական լիդերների վստահությունը, բայց չի ստացել Ռուսաստանի լիդերների վստահությունը, նրան կարող են թելադրել ամեն ինչ»:

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) դատապարտում և անհիմն է համարում գործընկերների պնդումներն ու մեղադրանքները։ «Ազատության» հետ զրույցում նա ընդդիմադիրներին հիշեցրեց, որ բանակցությունների արդյունքները ներկայացվելու են Ազգային ժողով, և խորհրդարանը պետք է հավանության արժանացնի Մաքսային միության հետ կապված բոլոր փաստաթղթերը:

«Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը գաղտնիք չէր և թաքուն չէր: Եվ դա նոր սենսացիոն երևույթ չէ: Ես խորհուրդ եմ տվել իմ [ընդդիմադիր] գործընկերներին ընդամենը ծանոթանալ նախագահի թեկնածու և նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին «Վեստի» ծրագրին, դեկտեմբերի 24, 2012 թվականին», - հավելեց Շարմազանովը:

Խորհրդարանի փոխնախագահի կանխատեսումներով` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները Ազգային ղովը կքննարկի 2014 թվականի առաջին 6 ամիսներին։
XS
SM
MD
LG