Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսները ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացում են կանխատեսում


Եվրաինտեգրացիայի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացնում Կիևում, 11-ը դեկտեմբերի, 2013

Եվրաինտեգրացիայի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացնում Կիևում, 11-ը դեկտեմբերի, 2013

Ռուսաստանցիների մոտ 40 տոկոսի համոզմամբ՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների ներկա վիճակը վատթարացման միտում ունի: Սա են վկայում Մոսկվայում գործող երեք խոշորագույն սոցիոլոգիական ծառայություններից մեկի` «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ФОМ) անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Հարկ է նկատել, որ ընդամենը մի քանի ամսում այն ռուսաստանցիների քանակը, ովքեր կարծում են, որ Կիևի և Մոսկվայի հարաբերությունները ճգնաժամի մեջ են, կրկնապատկվել է: Գարնանը ռուս-ուկրաինական հարաբերությունների վիճակը վատ էր բնութագրել հարցվածների միայն 21 տոկոսը:

Ռուսաստանցի սոցիոլոգների նպատակն էր նաև պարզել` արդյոք ուկրաինական վերջին զարգացումները որևէ կերպ ազդո՞ւմ են ռուսաստանյան հանրության ներսում` Ուկրաինայի՝ որպես պետության ընկալման վրա: ФОМ-ի տվյալներով` չնայած վերջին զարգացումներին ուկրիանացիների հանդեպ ռուսաստանցիների շրջանում տիրող բարյացակամ վերաբերմունքը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հարցվածների կեսից ավելին՝ 55 տոկոսը, նշում է, որ դրական վերաբերմունք ունի Ուկրաինայի հանդեպ:

Սլավոն եղբայրների նկատմամբ բացասական վերաբերմունք է դրսևորում ռուսների միայն 4 տոկոսը, իսկ հետազոտության մասնակիցների 36 տոկոսը ազնվորեն խոստովանել է, որ Ուկրաինայի և ուկրաինացիների հանդեպ բացարձակ անտարբերության զգացում ունի:

Նույնը չես ասի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասին: Հարցված ռուսաստանցիների 26 տոկոսը նշել է, որ Յանուկովիչի հանդեպ բացասական վերաբերմունք ունի, 19 տոկոսը Յանուկովիչի գործունեությունը դրական է գնահատում: Հարցվածների ամենամեծ խումբը, սակայն, 30 տոկոսը նշել է, որ Յանուկովիչի մասին որևէ տեղեկություն չունի:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, ապա բնական է, որ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Կիևը պետք սերտացնի կապերը հենց Մոսկվայի հետ: Նման կարծիքի է հարցվածների 59 տոկոսը:

Ռուսաստացիների միայն 6 տոկոսն է կարծում, որ եվրոպական ինտեգրացիայի գաղափարը բխում է Ուկրաինայի քաղաքացիների շահերից: Հարցին էլ, թե ինչո՞ւ են իրենք կարծում, որ Ուկրաինան պետք է սերտացնի կապերը Ռուսաստանի, այլ ոչ թե Եվրամիության հետ, հարցված ռուսների 18 տոկոսը պատասխանել է.- «Որովհետև մենք մեկ միասնական ժողովուրդ ենք»:
XS
SM
MD
LG