Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի մասին «իրազեկման լուրջ պակաս կա»


Պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի մասին «իրազեկման լուրջ պակաս կա»
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Առնվազն մեկ ամսից պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը ուժի մեջ կմտնի, սակայն 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները մինչև օրս այդպես էլ չեն ստացել շատ հարցերի պատասախան:

Հեռուստաեթերով հեռարձակվող անիմացիոն հոլովակները գովազդում են օրենքի առավելությունները, սակայն բաց է մնում մի հարց՝ ինչպես կողմնորոշվել, թե ո՞րն է առավել ձեռնտու ֆոնդը:

Օրենքին ընդդիմախոս Մանե Թանդիլյանը, ով մասնագիտությամբ հաշվապահ է, համոզված է, որ այս պահին օրենքը պատրաստ չէ ուժի մտնել գոնե այն պատճառով, որ իրազեկման լուրջ պակաս կա:

«Ինչո՞ւ պետք է բոլորը իմանան՝ ինչ է նշանակում ռիսկային ախորժակ, ինչ է նշանակում ֆոնդ, առավել ևս որ Հայաստանում առհասարակ այդ բառերը և արտահայտությունները չեն գործածվում»,- ասում է Թանդիլյանը։

Հայտնի են կառավարիչների անունները․ դրանք միջազգային հեղինակավոր կառույցներ են, մեկը ֆրանսիական, մյուսը՝ գերմանա-ավստրիական, սակայն նրանց հեղինակավոր անցյալի ու ապահով թվացող ներկայի պատմությունը այս դեպքում ապահով ծերության երաշխիք չէ: Մասնագետները պնդում են, որ համակարգի արդյունավետությունը կախված է հենց ֆոնդերի կառավարիչների աշխատանքից:

Կենտրոնական բանկից փորձեցինք մանրամասներ պարզել այս ֆոնդերի մասին: Հարցազրույց տալ թեպետ այսօր չհամաձայնեցին՝ պարզաբանելով, որ այդ մասին երեկ տեղեկատվություն են տեղադրել իրենց պաշտոնական կայքէջում: Էջում կարդում ենք, որ յուրաքանչյուր կառավարիչ առաջարկում է երեք տիպի ֆոնդ՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Այս անունները, սակայն քիչ բան են ասում տնտեսագիտությունից հեռու մարդկանց:

Տնտեսագետների ու հաշվապահների օգնությամբ պարզեցինք, որ եղածներից ամենառիսկայինը հավասարակշռված ֆոնդերն են. այստեղ ի պահ տրված փողերը 50-50 տոկոսով տեղաբաշխում են պետական պարտատոմսերի և բաժնետոմսերի միջև:

Հաշվապահ Մանե Թանդիլյանն ասում է, որ շատ դժվար է խորհուրդ տալ քաղաքացուն, թե հատկապես որ ֆոնդը ընտրի, սակայն օրենքի ջատագովները պետք է գոնե տնտեսության մեջ ընդունված դիրքորոշումները բացատրեն:

«Երբ խնդիր ունենք, որ հանկարծ որևէ դրամ չկորցնենք, ապա դա կայուն ֆոնդերի տարբերակն է, որը նշանակում է պետական պարտատոմսեր, որը պետությունն է երաշխավորում, և եթե որևէ ֆոնդ կլինի-չլինի, ներդրում կգա-չի գա, մտածում ենք, որ պետությունը հավերժ է և իր ասածի տերն է»,- ասում է հաշվապահը։

Եթե մասնակիցը դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարչին, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը: Այս մոտեցումը Թանդիլյանի անընդունելի է համարում.- «Ես այդ մոտեցումը իրապես դեմոկրատ չեմ համարում, այսինքն «քանի բոլորդ անխելք, մենք ձեր փոխարեն ընտրում ենք»»։

Փորձեցինք ՀՀ քաղաքացիներից հասկանալ՝ կողմնորոշվել են արդյոք, թե ինչպե՞ս են ընտրելու իրենց կառավարիչներին ու ֆոնդերին: Պատահական անցորդներից և ոչ ոք դեռ քայլեր չէին ձեռնարկել կառավարչի կամ ֆոնդի ընտրության հարցում:

Ի դեպ, շատերն անգամ չգիտեն, թե ուր պետք է դիմեն այս հարցով: ԿԲ-ից հայտնում են, որ տարբերակներից մեկն դիմել կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներին, որոնք այս պահի դրությամբ չորս բանկեր են և «ՀԱՅՓՈՍՏ»-ը: Իսկ եթե քաղաքացին ցանկանում է ինքնուրույն հաշիվ բացել և հետագայում հետևել իր կուտակած գումարի շարժին, պետք է ունենա նույնականացման քարտ, այն կարդացող սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, որոնք ստանալու համար էլ քաղաքացին պետք է վճարի առնվազն 9000 դրամ:

«40 հազար դրամ ստացող մարդու համար դա իրատեսակա՞ն գումար է»,- հարցնում է Թանդիլյանը։

Օրենքին ընդդիմացող քաղաքացիներն հույս ունեն, որ այն հաջորդ տարի ուժի մեջ չի մտնի: Պայքարը շարունակելու են և դեկտեմբերի 17-ին, երբ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը այս հարցով դիմում կներկայացնեն Սահմանադրական դատարան, ակտիվիստները երթ կկազմակերպեն Ազատության հրապարակից դեպի ՍԴ:
XS
SM
MD
LG