Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ղեկավար. «Մոնոպոլիաների առկայությունն անընդունելի է»


Առաջիկա հինգ տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մինչև 120 միլիոն դոլարի ծրագիր է իրականացնելու Հայաստանում, որի նպատակներից առաջինը նշվում է «մրցունակ տնտեսության կայացումը»:

Այսօր հանրությանը ծրագրի ներկայացման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը ասաց, որ միջազգային հանրության համար ընդունելի չէ հայաստանյան տնտեսությունում մոնոպոլիաների առկայությունը:

«Այո, իհարկե, մենք նույնպես խնդիր ենք տեսնում Հայաստանի տնտեսությունում մրցակցության վիճակի հետ կապված, ուստի և կենտրոնացել ենք այդ ուղղությամբ: Սակայն դա մի խնդիր է, որը միայն մենք չէ, որ ձգտում ենք լուծել: Սա մի խնդիր է, որ մենք, Հայաստանի կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և բիզնես-հանրությունը՝ բոլորը համաձայն են, որ պետք է անդրադարձ արվի: Մենք կարծում ենք, որ այս առումով առաջիկա հինգ տարիներին լուրջ առաջընթաց արձանագրելու հնարավորություն կա: Ոոլորտներից մեկը, որն արդեն իսկ բարելավվել է՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտն է», - ասաց Հիլիարդը:

Չնայած արդեն որերորդ տարին է, Հայաստանի իշխանությունները՝ նախագահի, վարչապետի մակարդակով, խոսում են բիզնեսի ու իշխանությունների տարանջատման, օլիգոլոպոլիաների դեմ պայքարի մասին, սակայն, միջազգային հեղինակավոր կառույցները, մեղմ ասած, կասկածի տակ են առնում մեր իշխանությունների ձեռնարկած քայլերի արդյունավետությունը:

Նոյեմբերի վերջին Համաշխարհային բանակի հրապարակած՝ «Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մշակում․ կուտակում, մրցակցություն և կապ» անվամբ զեկույցի համաձայն` մեր երկրի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

Խոսելով Հայաստանի քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին, երբ որոշում կայացվեց անցնել «բաց երկնքի» քաղաքականությանը՝ հրաժարվելով մոնոպոլիայից, Հիլիարդը ասաց, թե միջազգային հանրությունը, իհարկե, դեմ չէ, որ լինեն հայաստանյան փոխադրողներ, սակայն այն դեմ է մոնոպալիների գաղափարին:

«Յուրաքանչյուրը կասեր, որ ավելի բազմազանեցված տնտեսությունը ավելի մեծ հնարավորություն է ընձեռում փոքր ու միջին ձեռնարկություններին և այն ստեղծում է ավելի լավ ու ուժեղ տնտեսություն: Եվ ես սա ասում եմ հաստատապես: Միացյալ Նահանգները՝ Արևմուտքի և դոնորների հետ միասին, աջակցում են Հայաստանի տնտեսության բազմազանեցմանը և որ տնտեսությունը ավելի բացվի փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Եթե լավ օրենքներ ընդունվեն ու դրանք ճշգրտորեն կատարվեն, դա կարող է տեղի ունեալ, ինչպես տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և տեղի է ունեում քաղավիացիայի բնագավառում», - նշեց նա:

Վերադառնալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից մինչև 2018 թվականը իրականացվելիք ծրագրին՝ նշենք, որ Հայաստանի համար, բացի կայուն տնտեսական աճի ապահովումից և տնտեսությունում մրցակցության բարելավումից, ծրագիրը նպատակ է դրել ավելի հաշվետու դարձնել երկրի կառավարումը և բարելավել առողջապահական ծառայությունների որակը:
XS
SM
MD
LG