Մատչելիության հղումներ

Դատավորների միության խորհուրդը «հակապետական» է որակում ՄԻՊ-ի զեկույցը


Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն
դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» զեկույցը՝ այն համարելով «հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող»։

«Հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը»,- հայտարարում է Դատավորների միության խորհուրդը։

Խորհուրդը կարծում է, որ պրոֆեսիոնալ մարմինը պետք է և պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք «զեկույցում իսպառ բացակայում են»։

Դատավորների միության խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է «հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը, ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց»:

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը անդրադարձել էր դատական համակարգում առկա կոռուպցիային, մասնավորապես, դատավորներին տրվող կաշառքներին, կասկածի տակ էր դրել Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։

Զեկույցին այսօր անդրադարձել է նաև Հայաստանի գլխավոր դատախազը՝ օմբուդսմենին առաջարկելով դատախազություն ներկայացնել զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG