Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազն օմբուդսմենին առաջարկում է գոնե մեկ փաստ ներկայացնել


ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը արձագանքել է մարդու իրավունքների պաշտպանի աղմկահարույց զեկույցին։

Գլխավոր դատախազը օբուդսմենին առաջարկել է դատախազություն ներկայացնել զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ, և հավաստիացրել, որ դատախազությունը պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արդար դատաքննության իրավունքին նվիրված արտահերթ զեկույցում անդրադարձել էր դատական համակարգում առկա կոռուպցիային, մասնավորապես, դատավորներին տրվող կաշառքներին, կասկածի տակ էր դրել Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։ Զեկույցում նույնիսկ նշվել էին դատական կաշառքի սակագները։

«Հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում․ առաջին ատյանում 500-10,000 դոլար, վերաքննիչում՝ 200-15,000, վճռաբեկում՝ 10-50,000»,- զեկույցը ներկայացնելիս հայտարարել էր պաշտպանի տեղակալը։

Գլխավոր դատախազը մտահոգիչ է համարում զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները։

«Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ է քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա»,- մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղղված նամակում գրել է Կոստանյանը՝ առաջարկելով իրենց ներկայացնել գոնե մեկ փաստ զեկույցում հիշատակված ապօրինությունների վերաբերյալ.- «Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ»։

«Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ», - ասված է գլխավոր դատախազի նամակում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առայժմ չի արձագանքել Գևորգ Կոստանյանի նամակին:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» զեկույցը՝ այն համարելով «հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող»։

«Հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը», - հայտարարում է Դատավորների միության խորհուրդը։

Դատավորների միության խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է «հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը, ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց»:

Թե' Գլխավոր դատախազությունից, թե' դատավորների միությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ հաղորդագրություններից զատ ոչինչ չունեն ավելացնելու։

Հիշեցնենք, որ իրավապաշտպանները ողջունել էին մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը՝ նշելով, որ նա ասել է այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում են իրենք։ Թե' իրավապաշտպանները, թե' փաստաբաններից շատերն ասում են, որ մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր չէ փաստեր ներկայացնել դատախազությանը։

«Դա դատախազության գործն է», - ասում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ - «Օմբուդսմենը բոլորովին պարտավոր չէ հաղորդում ներկայացնել դատախազություն` կոնկրետ դրվագներով, կոնկրետ փաստերով: Օմբուդսմենը կատարել է ուսումնասիրություն, ճիշտ այնպիսի ուսումնասիրություն, ինչպիսին կարող ենք կատարել մենք` ձեզ հետ միասին հենց հիմա պտտվելով այս շենքի բակում»:

Հարությունյանը խորհուրդ է տալիս նայել շուրջը, զրուցել դատարանների հետ գործ ունեցած քաղաքացիների հետ. - «Հիմա, ասենք, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը ներկայացնում է կոռուպցիայի վերաբերյալ հայտարարություններ, որ այսինչ երկիրը, աֆրիկյան այսինչ երկիրը կամ կովկասյան Հայաստանը... համատարած կոռուպցիա է տիրում այդ երկրներին, ի՞նչ, մեր իշխանությունները պետք է պահանջեն այդ միջազգային կառույցից, որպեսզի փաստե՞ր ներկայացնի: Իրավապաշտպանների գործառույթը լրիվ այլ է. նրանք խոսում են երևույթներից, այն իրականությունից, որ կա: Մնացածը արդեն դատախազների և մնացածի գործն է»:

«Գլխավոր դատախազությունն ու դատավորները հաղորդագրություններով փորձում են պաշտպանվել միայն՝ նպատակ չունենալով բացահայտել դատական համակարգի թերությունները», - շարունակում է իրավապաշտպանը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը քննադատում է մարդու իրավունքների պաշտպանին քննադատած կառույցներին՝ նույնպես հայտարարելով, թե փաստեր հավաքելը ոչ թե պաշտպանի, այլ դատախազության գործն է. - «Անգամ եթե այս հայտարարությունը դիտվի որպես հանցագործության մասին հաղորդում և անգամ քսան հոգի դատավոր պատասխանատվության ենթարկվի, սա չի նշանակի, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ամբողջ իմաստը բավարարվել է: Զեկույցը ավելի շատ [այն մասին է], թե այս կոռումպացված համակարգն այնքան է ձևավորվել, որ դարձել է արդեն գործող մեխանիզմ, որի մեջ ընդգրկված են Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները, ստորադաս դատարանի դատավորները»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG