Մատչելիության հղումներ

logo-print

Կենսաթոշակի կուտակային համակարգին ընդդիմացող ակտիվիստները «ճնշումներ են զգում»


Կենսաթոշակների կուտակային համակարգի ներդրման դեմ բողոքի ցույց Ազգային ժողովի շենքի մոտ: 4-ը դեկտեմբերի, 2013թ.

Կենսաթոշակների կուտակային համակարգի ներդրման դեմ բողոքի ցույց Ազգային ժողովի շենքի մոտ: 4-ը դեկտեմբերի, 2013թ.

Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ դուրս եկած քաղաքացիներից ոմանք պնդում են, թե ճնշումների են ենթարկվում:

Արման Վերմիշյանը, օրինակ, դեկտեմբերի 5-ին մասնակցել էր բողոքի ավտոերթին: Հիմա ակցիայի մասնակից Վերմիշյանը ճանապարհային ոստիկանությունից ակտ է ստացել, որի բովանդակությունը անհասկանալի է: Մասնավորապես, գրված է. - «Հանդիսանալով որպես ուղևոր, դուրս էր եկել տրանսպորտային միջոցի պատուհանից, կատարելով վարորդի ուշադրությունը շեղող գործողություններ, կատարելով ուղևորների փոխադրման կանոների խախտում»:

«Ազատության» հետ զրույցում Վերմիշյանն այսօր տարակուսանք հայտնեց, թե ինչու դեպքի վայրում այդ պահին գտնվող առնվազն 10 ոստիկանները տեղում չեն արձանագրել իր կատարած խախտման փաստը: Չհամաձայնելով ակտում արձանագրվածի հետ՝ նա պահանջել է լրացուցիչ հիմնավորումներ:

Վերմիշյանը կարծում է, որ այսպիսով փորձում են ճնշում գործադրել պարտադիր կուտակային թոշակի դեմ պայքարող քաղաքացիների վրա. - «Ես կապում եմ երթի մասնակիցներին արհեստականորեն տուգանելու փորձ իրականացնելու հետ»:

Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողներից է նաև Լևոն Հարությունյանը: Նրա կարծիքով, իշխանությունները հասկացել են, որ պայքարը չի դադարելու. - «Սա հերթական տիպի ճնշումն է մեր վրա, որպեսզի մենք խելոք մնանք: Հիմար փորձ է... ակտն էլ այնքան փնթի ձևով է գրված, որ մենք ուղղակի կբողոքարկենք մինչև վերջ»:

Մի քանի օր է արդեն` ուշադրության կենտրոնում են «Անելիք» բանկի 68 աշխատակիցները, որոնք ստորագրել էին երկրի նախագահին ուղղված պարտադիր կուտակային կենսթոշակային օրենքը փոփոխության ենթարկելու մասին նամակը:

Բանկի ղեկավարությունը բանկի կայքէջում պնդում է, թե աշխատակիցներն այս նամակի տակ ստորագրել են թյուրիմացաբար:

Բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթոյանը, ով նույնպես ստորագրել էր նամակը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե նամակի բովանդակությունը չի տեսել, կարծել է, թե դա դիմում է նախագահին՝ հանրային քննարկում անցկացնելու խնդրանքով:

«Նմանատիպ օրենքի ներդրմանը ոչ ոք դեմ չի եղել իրականում: Ստորագրողները, կոնկրետ ես, շատ լավ հասկանում ենք այդ օրենքի դրական կողմերը: Սակայն նմանատիպ օրենք դնել նման կարճ ժամանակում առանց հասարակական քննարկումների, իհարկե, բոլորի զայրույթն էլ կարող է առաջացնել», - ասաց Աթոյանը:

Սակայն նախաձեռնության անդամներից Լևոն Հարությունյանը պնդում է, որ ստորագրողները տեսել են, թե ինչի տակ են ստորագրում. - «Մարդիկ գիտեին, ինչի համար են ստորագրում: Ստանդարտ պրակտիկա է Հայաստանում, երբ ճնշում են գործադրում: Քանի որ գիտենք, որ այս օրենքի ջատագովը Կենտրոնական բանկն է, ենթադրում եմ, որ Կենտրոնական բանկը ճնշում է գործադրել այդ բանկի նախագահի, կամ գուցե այլ պաշտոնյայի վրա: Շատ տխուր է, որ Հայաստանում այդ կարգի հիմնարկներ կան, որտեղ ղեկավարությունը կարող է մարդու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակել»:

«Անելիք» բանկի աշխատակիցը, սակայն, հերքեց, թե իրենց վրա ճնշում է եղել:

Ի դեպ, «Անելիք« բանկի վարչության նախագահի հանրային կապերի գծով խորհրդականւ Աստղիկ Մինասյանը «Ազատության»-ն այսօր փոխանցեց, որ պարտադիր կուտակային համակարգի ներդման կապակցությամբ բանկն այսօր քննարկում է երիտասարդ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը:
XS
SM
MD
LG