Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած որակումների ու բացահայտումների հետ համաձայն են դատական իշխանության հետ ամենօրյա շփումների մեջ գտնվող փաստաբաններից շատերը:

Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել էր դատական համակարգում առկա կոռուպցիային, մասնավորապես, դատավորներին տրվող կաշառքներին, կասկածի տակ էր դրել վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։

Փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցնում է, որ փաստաբանների կազմակերպած գործադուլների մասին, երբ նրանք բողոքում էին վճռաբեկ դատարանի կամայականություններից։ Ալումյանն ասում է, թե շատերից է լսել դատավորներին կաշառք տալու դեպքերի մասին։

«Կոռուպցիայի մեջ թաղված դատավորները խոցելի են», - նկատում է նա։ - «Դատախազության համար էլ է դարձել խոցելի, հատուկ ծառայությունների համար էլ է դարձել խոցելի, ու այդ դատավորին կառավարելը շատ հեշտ է լինում: Եվ այդպիսի դատավորների առկայությունը սկսում է իշխանության ձեռնտու լինել»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, կիսելով գործընկերոջ տեսակետները, քննադատում է վճռաբեկ դատարանը՝ նույնպես պնդելով, որ այն հովանավորում է կոռուպցիոն գործարքների դիմող դատավորներին. - «Ավելի քան հինգ տարի յուրացված է իշխանությունը. այսինքն` ինչ ուզեցել, Վճռաբեկ դատարանի նախագահը կատարել է»:

Փաստաբանները պնդում են, որ կաշառակեր դատավորները պետք է հեռացվեն համակարգից։ Նրանց տվյալներով, մինչև հիմա ոչ մի դատավոր կաշառքի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

«Առավելագույն դեպքում կարող է դատավորը աշխատանքը կորցնել», - ասաց Հայրապետյանը: - «Սա նշանակում է, որ դա կարող ես կաշառք վերցնել ինչքան կարող ես... Վերցնել-բաժանել...»:

Հայրապետյանը հայտարարում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից հետո իրավապահները պետք է պատասխանատվության ենթարկեն կա'մ Անդրեասյանին, կա'մ դատական իշխանության ղեկավարությանը։. - «Սրանից ավելի արժանահավատ հաղորդում հանցագործության մասին, հնարավոր չէ պատկերացնել»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, կիսելով մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները, անդրադառնում է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալներին Հայաստանի վերաբերյալ։

Ըստ Հոկտանյանի վկայակոչած զեկույցի, 2013 թվականին Հայաստանի դատական համակարգը համարվում է առավել կոռումպացված համակարգերից մեկը։ 1-5 բալանոց սանդղակում Հայաստանի դատական համակարգի համաթիվը 4 է գնահատվել։

Երեկ հրապարակվել է Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը, որտեղ կասկածի տակ է դրվում դատական համակարգի գործունեությունը։ Մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է կաշառքի տարածվածությանը դատարաններում։ Ըստ զեկույցի, դատարաններում կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում․ առաջին ատյանում 500-ից 10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչում՝ 200-ից 15,000, վճռաբեկում՝ 10.000-ից 50.000 դոլար։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG