Մատչելիության հղումներ

Նիժնի Նովգորոդի մարզի Արզամաս քաղաքը վերածվել է երկորդ Բիրյուլյովոյի, այստեղ կրքերը չեն հանդարտվում դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած սպանությունից հետո, երբ հայերին պատկանող «Օջախ» ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով դանակի հարվածից մահացել է տեղի բնակիչներից 26-ամյա Ալեքսանդր Սլակաևը, իսկ նրա ընկերը տեղափոխվել է հիվանդանոց:

Երեկ երեկոյան տեղի բնակիչները երկրորդ անգամ ժողովրդական հավաք են անցկացրել` պահանջելով տեղական իշխանություններից գործը չկոծկել, պատժել մեղավորներին: Իրավապահները հայտարարել են, որ կոծկելու մասին խոսք լինել չի կարող, արդեն իսկ կասկածյալները ձերբակալված են: Չնայած դրան` հենց այդ հավաքից հետո մի քանի տասնյակ երիտասարդներ ազգայնական վանկարկումներով սկսել են ջարդուփշուր անել այլազգիներին պատկանող կրպակներն ու խանութները:

Այս հարձակումների կապակցությամբ երեկ երեկոյան տասից ավելի մարդ է ձերբակալվել, ինչպես նշում է տեղի ոստիկանությունը` մի մասը եղել է հարբած վիճակում: Իրավիճակը վերահսկելու համար Արզամաս են բերվել լրացուցիչ ուժեր Նիժնի Նովգորոդից:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` «Օջախ» ռեստորանի միջեադեպի հետևանքով ձերբակալվել և կալանավորվել են երեք հայեր, որոնցից մեկը ոստիկանություն է ներկայացել ինքնակամ` մեղայականով:

Աղմկահարույց միջադեպի կապակցությամբ այսօր հատուկ հայտարարությամբ է հանդես եկել քննչական ծառայությունը` շեշտելով, որ սպանությամբ ավարտված այդ միջադեպը ծագել է կենցաղային հողի վրա, երեք կասկածյալներն արդեն ձերբակալված են, և քննությունը կկատարվի ամենասեղմ ժամկետներում:

Քաղաքում սակայն լարված եւ տագնապալի մթնոլորտ է: Նիժնի Նովգորոդի լրատվական «Պրո-գորոդ» կայքը հայտնում է, որ Արզամասի հայերը ահաբեկված են, դուրս չեն գալիս տներից, փակ են նրանց պատկանող խանութները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG