Մատչելիության հղումներ

Տավուշի մարզում` Վազաշեն-Պառավաքար հատվածում անտառի միջով 3.4 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ է կառուցվում:

Ճանապարհի այս սահմանամերձ հատվածը, հիշեցնենք, փակ է հոկտեմբերի 22-ից, երբ ադրբեջանական կողմից կրակ էր բացվել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա:

«Մի քանի անգամ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն եկան, նայեցին… Ընտրվել է ամենաանվտանգ տարբերակը», - լրագրողներին այսօր ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Շրջանցիկ ճանապարհի կառուցման համար, մարզպետի փոխանցմամբ, հարկավոր է 400-500 մլն դրամ, նախատեսվում է շինարարությունն ավարտել մինչև գալիք տարվա ամառը:

«Կրակի տակ աշխատում է մեխանիզմը: Չեմ ասում, որ հիմա կրակում են, բայց մարդը մտնում է վտանգավոր գոտին… Դրա համար չեմ կարող ժամկետ ասել: Այնուամենայնիվ, ծրագրված է, որպեսզի արագ անել հողային պաստառը, գարնանը սկսել ասֆալտապատումը», - մանրամասնեց Ղուլարյանը:

Մարզպետը նշեց, որ անվտանգ չեն նաև Ճամբարակ - Բերդ և Իծաքար - Գանձաքար - Իջևան ճանապարհները: Սրանցից առաջինը, նրա բնութագրմամբ` վտանգավոր է և դժվարանցանելի հատկապես ձմռան ամիսներին: Իսկ Իծաքար - Գանձաքար հատվածում բավական աշխատանք կա անելու, քանի որ «ոչ բոլոր մեքենաները կարող են անցնել»:

«Այդ ճանապարհին կան 2-3 ոլորաններ, որոնց շառավիղն այնպիսին չէ, որ կարողանան բոլոր տեսակի մեքենաները անցնել: Հիմա այդ ոլորանները պետք է լայնացվեն», - ասաց մարզպետը:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգյսանին հասցեագրված Տավուշի երիտասարդների բաց նամակին` Ղուլարյանն ասաց, որ ինքն էլ կողմ է անվտանգ ճանապարհ ունենալուն` այդուհանդերձ հավելելով. - «Ես տեղյակ եմ այդ նամակներին, և լավագույնս գիտեմ, թե որտեղից է ուղղորդվում այդ ամենը: Այսինքն` այսօր պարապ մարդիկ միգուցե կան, որոնց հետաքրքրում է ստեղծել բաժակի մեջ այդ փոթորիկը»:

Մարզպետը չասաց, թե կոնկրետ ովքեր էին ուղղորդել երիտասարդներին: Հավելեց միայն, որ իրենք արդեն քննարկել էին խնդիրը և լուծումներ էին գտել»:
XS
SM
MD
LG