Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման նպատակը իշխանափոխությունն է


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր իր համախոհների հետ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ շուրջ հինգ ամիս առաջ պաշտոնապես հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» փաստաթղթի շուրջ ձևավորված քաղաքական միավորումը, որի հիմնական նպատակներից մեկը Հայաստանում իշխանության փոփոխությունն է, նախատեսում է մասնակցել առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին և չբացառեց, որ նախագահի թեկնածու կարող է լինել նաև ինքը։

«Արդեն դա հայտարարել եմ նաև «Ազատություն» ռադիոկայանի եթերից․ քաղաքացիական պայմանագրի նախագահի թեկնածուի անձը որոշված չէ և չի կարող որոշված համարվել այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան, հստակ կանոնակարգված ձևով որոշում չի կայացվել», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց Փաշինյանը՝ հավելելով․ - «Ես չեմ կարող բացառել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ունենալ թեկնածուներ՝ մի քանի թեկնածուներ, և շատ ցանկալի կլինի, որ այդպես լինի, և հենց նախնական ընտրությունների ընթացքում ընտրությունը կատարվի հենց այդ մեթոդով»:

Կառավարման խորհրդի՝ այսօր հրապարակված կազմում են Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Մարինե Մանուչարյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և Արսեն Խառատյանը։ Նոր ձևավորվող այս կառույցի ներկայացուցիչները համոզված են, որ ՀՀ զարգացման հիմնական խոչընդոտը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է ու նրա համախոհները։

«Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագրի» կարևորագույն արդյունքը լինելու է գործող ռեժիմին ներկայիս կարգավիճակից զրկելը․ - «Վերջին 20 տարում բոլոր ընտրություններում անընդհատ հաղթել է իշխանությունը: Իշխանությունը միշտ պահել է իշխանություն, իշխանությունը վերարտադրել է իշխանություն: Մենք եկել ենք ասելու, որ այս իշխանությունը, այս վարչախումբը այլևս չի լինելու իշխանություն և մենք շատ կարևոր ենք համարում, որ այս պարտավորությունը ոչ միայն հայտարարենք, այլև հետևողական, համբերատար, հաշվարկված և ճշգրիտ քայլերի արդյունքում կարողանանք հասնել դրա լուծմանը»:

Փաշինյանը անդրադարձավ նաև ՀԱԿ-ի հետ կապին, նշելով որ ՀԱԿ կուսակցության անդամ երբեք չի եղել, իսկ ՀԱԿ շարժումը, որին ինքը անդամակցում էր, վաղուց չկա։ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված միավորմանը միացած ընդդիմադիր գործիչ, ՀԱԿ շարժման նախկին անդամ Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, որ այս ուժը չի լինի հերթականը, իրենք հստակ գիտեն իրենց անելիքները։ Նա նաև կոչ արեց իր մարտական ընկերներին՝ միավորվել և միասին լուծել խնդիրները։

«Ժողովրդի այսօրվա այս հուսալքված վիճակը, որ միակ ելքը տեսնում է արտագաղթի մեջ, պահանջում է կոնկրետ քայլեր, երկիրը այս վիճակից դուրս բերելու համար», - նշեց Միքայելյանը:

«Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակվել է մոտ 5 ամիս առաջ և Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս ընթացքում իրենց բազմաթիվ քաղաքացիներ են միացել: Հրաժարվելով նշել կոնկրետ թվեր՝ նա ասաց, որ գիտեն ինչպես օգտագործել ժողովրդի վստահությունը։ Աժ պատգամավորի խոսքով, հետևություններ են արել վերջին 20 տարիների ընդդիմադիր գործունեության պատմությունից և խոստանում են, որ չեն համալրի այն ուժերի շարքը, որոնք մի բան խոստանում են, իսկ հետո փորձում բացատրել, թե ինչու այդպես չեղավ։

«Մեր կողքին լինելու են բոլոր այն մարդիկ, ովքեր լավատես են Հայաստանի ապագայի վերաբերյալ և այն մարդիկ, ովքեր իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի», - նշեց Նիկոլ Փաշինյանը, - «Մենք հասկանում ենք, որ Հայաստանում կան բազմաթիվ պատճառներ, որ բազմաթիվ քաղաքացիների թույլ չեն տալիս ապրել իրենց հայրենիքում և «Քաղաքացիական պայմանագրի» թիվ 1 խնդիրը այդ պատճառները վերացնելն է․ բացասական պատճառները վերացնելը և պոզիտիվ անելիք և ասելիք ձևակերպելը»:

Առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսում է ներկայացուցչություններ ունենալ հանրապետության ամբողջ տարածքում և սփյուռքում։ Ամեն ինչ անելու են, որպեսզի պայմանագրում նշված կետերը իրականություն դառնան, իսկ թե ինչպես՝ առավել մանրամասն կքննարկեն առաջիկայում տեղի ունենալիք համաժողովում։
XS
SM
MD
LG