Մատչելիության հղումներ

Հայաստանը «կտրուկ շրջադարձ» չի կատարել


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով` Մաքսային միությանը անդամակցելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքների արագությունն անգամ մասնագետներին է զարմացնում:

«Մեր հայ գործընկերները սկսել են շատ արագորեն ու ինտենսիվորեն մշակել բոլոր հարցերը», - այսօր Գյումրիում լրագրողներին ասաց դեսպանը:

«Ինձ միշտ զարմացնում է, երբ ինձ հարցնում են, թե ինչու Հայաստանը վերջին պահին 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը», - նշեց Իվան Վոլինկինը` շարունակելով. - «Ի՞նչ շրջադարձ: Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ է, Ռուսաստանը` Հայաստանի, և մենք միշտ մեկ ուղղությամբ ենք գնացել: Ուստի 180 աստիճանով շրջվելու մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Վոլինկինի համոզմամբ` Հայաստանի ճիշտ ուղի է ընտրել ու Մաքսային միությանն անդամակցությունից միանշանակորեն շահելու է:

Իվան Վոլինկինը հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպման ժամանակ հայ պաշտոնյաները նշեցին, որ ռուսական կողմը Գյումրիում չպիտի սահմանափակվի միայն ռազմաբազա ունենալով. պետք է մտածի նաև այստեղ ներդրումներ կատարելու ու նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ:

Դեսպանն ասաց, թե այդ ուղղությամբ բոլոր առաջարկությունները կուսումնասիրվեն Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարության և Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ` ռուսաստանցի գործարարներին շահագրգռելու, որպեսզի ներդրումներ կատարեն Գյումրիում:
XS
SM
MD
LG