Մատչելիության հղումներ

logo-print

Հեֆերնը Կոստանյանի հետ հանդիպմանը հետաքրքրվել է Սյունիքի միջադեպով


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին, Գևորգ Կոստանյանն առանձնացրել է երկու ուղղություն, որոնք գլխավոր դատախազի պաշտոնում լինելու են իր հատուկ ուշադրության կենտրոնում, դրանք են՝ անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը:

Այս երկու ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ միջոցառումներից գլխավոր դատախազը կարևորել է քրեական օրենսդրության կիրառման միասնական մոտեցումների ամրագրումը, արդյունավետ վերահսկողությունը և թերացումների համար պատասխանատվության միջոցների անխուսափելի կիրառումը:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության համաձայն՝ դեսպանի խնդրանքով գլխավոր դատախազն անդրադարձել է այս տարվա հունիսի 1-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին, ներկայացնելով ինչպես գործող քրեական օրենսդրության պահանջները, այնպես էլ՝ նախաքննության մարմնի և պաշտպանական կողմի իրավական գնահատականները:

Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, հույս հայտնելով, որ Հայաստանի դատախազության և ԱՄՆ-ի դեսպանատան միջև համագործակցությանն առաջիկայում նոր թափ կհաղորդվի:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին նախաքննական մարմինը որոշումներ կայացրեց Սյունիքի այժմ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ կալանավորված՝ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Գորիսի միջադեպի ժամանակ սպանվեց քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, վիրավորվեց երկու մարդ, այդ թվում՝ սպանվածի եղբայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG