Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաք, որն այդպես էլ ուշքի չեկավ


Ավերիչ երկրաշարժից 25 տարի անց «Ազատություն» ռադիոկայանն այցելել է Գյումրի, փորձելով պարզել՝ ինչպե՞ս են ապրում այն ավելի քան 4200 անօթևան ընտանիքները, որոնց համար քառորդ դար առաջ տեղի ունեցած աղետը շարունակում է մնալ ամենօրյա իրականություն:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալլ (12-բալլանոց սանդղակով): Պաշտոնական տվյալներով` զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը՝ դարձել հաշմանդամ, 530 հազար բնակիչ անօթևան էր մնացել:

Երկրաշարժը ոչնչացրեց Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային և արտադրական ֆոնդի 80 տոկոսը: Քաղաքի շուրջ 250 հազար բնակիչներից այսօր մնացել է 100 հազարից մի փոքր ավելին:

Գյումրիում մինչ օրս մնացել են երկրաշարժի համր հուշարձանները՝ կիսաքանդ շենքեր, որոնք իբրև տանիք են ծառայում բացարձակապես լքված ու անտուն մարդկանց համար: Հրաշքով կանգուն մնացած այդպիսի մի շենքում, որից միայն կմախքն է մնացել, հինգերորդ հարկում բնակվում է մի մարդ, ով ասում է՝ մինչև երկրաշարժը կենդանաբան է աշխատել, հարգանք վայելող մասնագետ է եղել:

«Վտանգավոր է․․․ վտանգավոր է: Որովհետև թուլացել է [շենքը]: Աստված ոչ անի․․․ որ, ասենք, թեթևակի ցնցում․․․», - գլուխն օրորելով պատմում է մեր զրուցակիցը, - «Երկրաշարժից մի չորս-հինգ տարի հետո այստեղ եմ: Լավ տեղ տվեցին՝ չուզեցի՞»:

Մեր նկարահանող խումբն այցելեց Գյումրիի կիսախարխուլ տնակային ավաններից մեկը, որտեղ շուրջ 400 ընտանիք է ապրում: Մարդիկ այստեղ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ՝ հակասանիտարական պայմաններում: Քաղաքի տնտեսությունը, որը հիմնված էր մեքենաշինության և տեքստիլ արդյունաբերության վրա, երկրաշարժից հետո այդպես էլ չվերականգնվեց:

«Ցավոք, այս տնակային ավանում ապրող անօթևան ընտանիքների մեծ մասը այլևս պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն համարվում», - պատմում է անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ» կենտրոն կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը:

Աղքատության ու անհուսության մեջ հայտնված այս ընտանիքներից շատերը մնացել են առանց ընտանիքի հոր․ տան տղամարդը մեկնել է Ռուսաստան՝ մի կտոր հաց վաստակելու, և անհետ կորել:

Մեր հարցին՝ ինչպե՞ս եք ապրում, ծայրը ծայրին հասցնում, չորս անչափահաս դուստրերի մայր՝ երիտասարդ, բարետես տանտիկինը պատասխանում է՝ «եսի՞մ․․․»:

«Չկա օգնություն: Խանութից ենք վերցնում․․․ դաշտերում գործ է լինում՝ կարտոֆիլ, բան ենք հավաքում, փող է լինում՝ բերում հետ ենք տալիս, յոլա ենք գնում», - պատմում է նա:

Խղճուկ խանութը արտացոլում է տնակային ավանի տխուր սոցիալական վիճակը: Խանութպանուհու «պարտքի ցուցակը» ավելի լեցուն է, քան դրամարկղը:

«Քյասիբ խանութ է՝ քյասիբ կյանքի համար», - իր աշխատավայրն է բնորոշում վաճառողուհին, - «Մեկը տանում է, մյուսը՝ բերում․․․ այդպես ենք առևտուր անում: Հիմնականում հաց, սուրճ ու շաքարավազ: Մնացածը․․․ ասենք երկու հատ ձեթ եմ բերել, ահագին ժամանակ մնում է, յուղը մնում է: Ձմռանը ընդհանրապես առևտուր չի լինում»:

Գյումրիում վերջին տարիներին պետական ֆինանսավորմամբ բնակարանաշինական ծրագրեր են իրականացվել, սակայն բնակիչները բողոքում են շինարարության որակից, ասում են՝ թերի է, կոմունալ պայմաններ չկան: Ոմանք էլ բողոքում են, ասում են՝ տարիների ընթացքում իրենց ընտանիքներն աճել են, իսկ պետությունը փոխհատուցում է միայն երկրաշարժի ժամանակ կորցրած բնակմակերեսը:

Հողե ճանապարհի եզրին՝ ինքնաշեն տնակի մեջ են ապրում այդպիսի բազմանդամ մի ընտանիքի երեք սերունդ․ ներսում ջերմաստիճանը չի անցնում 10 աստիճանից:

«Բնակարան ստացել ենք, բայց հնարավոր չէր: 9 անձ ենք՝ այդ երեք սենյակի մեջ հնարավո՞ր է նստել», - պատմում է տանտիրուհին, - «Այստեղ մեծ է տեղը, ոչինչ, յոլա գնում ենք»:

Ավերված շենքերից մեկի պատշգամբում հեծանիվ վարող պատանու նկատեցինք․ Գյումրիում դեռևս կան մարդիկ, ովքեր փորձում են հույսի շող գտնել մութ իրականության մեջ: Բայց քաղաքի բնակչության ճնշող մեծամասնության համար իրականությունը բոլորովին այլ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG