Մատչելիության հղումներ

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը ուրբաթ օրը Մաքսային միության անդամակցելու դեմ հերթական հավաքն անցկացրեց Ազատության հրապարակում:

Մաքսային միությանը անդամակցելու որոշումը Հայրիկյանն անվանեց «Հայաստանի իշխանությունների վերջին կամայական նախաձեռնություն»` նշելով, որ հավաքի նպատակը դրա նկատմամբ «ժողովրդի հսկայական զանգվածի» վերաբերմունքն արտահայտելն է:

Ելույթ ունենալով հավաքված մի քանի տասնյակ մարդկանց առջև`Հայրիկյանն ասաց. - «Հայ մարդիկ մի օր քնից զարթնեցին և պարզեցին, որ ամեն մեկը 150 դոլար պարտք ունի Ռուսաստանին: Չնայած բոլորը գազի համար վճարում են: Հայաստանի կառավարությունը ապրանք է գնել, ու դրանից հետո ապրանքի գնի համար բանակցություններ է վարում: Աշխարհում այդպիսի բան որևէ մեկը լսե՞լ է... Սա Մաքսային միություն կոչված խուժանության իրական պատկերն է»:

ԱԻՄ առաջնորդի խոսքով` նրանք, ովքեր ազատ ու անկախ Հայաստանի կողմնակից են, «պետք է չծառայեն КГБ-ին, պետք է հասկանան, որ ազատ ու անկախ Հայաստանի դաշնակիցը Եվրոպական միությունն է, արևմտյան քաղաքակիրթ աշխարհը»:

Ռուսաստանը, ըստ Հայրիկյանի, այն բարեկամն է, որի մասին ասում են, թե նման բարեկամներից պետք է հեռու մնալ. - «Եվ խաբում է, թե Թուրքիայից մեզ պաշտպանում է: Թուրքիան պատերա՞զմ է հայտարարել, որ նա էլ պաշտպանում է»:

Նա նշեց, որ իր նախաձեռնած ակցիաների նպատակը այն չէ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները անպայման հրաժարական տան. իրենք նպատակ ունեն փոխել Հայաստանի ռազմավարությունը. - «Այդ ռազմավարությունը փոխելու համար եթե պետք է կառավարությունն ուԱզգային ժողովն էլ ասպարեզից վերանան, դրան պիտի հայ մարդը ձգտի: Բայց ես իրատես եմ, ես փորձում եմ ճիշտ պատկերացնել իրավիճակը. ժողովրդին վերաբերող հարցում պետք է վերջին խոսքը ասի ժողովուրդը կա'մ հանրահավաքների միջոցով, կա'մ ընտրությունների միջոցով: Այս փուլում մենք ոչ այնքան զարթնացնելու ուղղությամբ ենք քայլեր կատարում, որքան ժողովրդի ներսում եղած տրամադրությունը ասպարեզ հանելու»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG