Մատչելիության հղումներ

Հայաստանը հուսով է՝ Ադրբեջանը բանակցություններին է վերադառնում կառուցողական մոտեցումով


Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունենում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին, Կիև, 6-ը դեկտեմբերի, 2013
Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունենում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին, Կիև, 6-ը դեկտեմբերի, 2013
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ելույթ է ունեցել Կիևում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին։

ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Նալբանդյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր:

«Հուսով ենք, որ Ադրբեջանն իրապես վերադառնում է բանակցությունների սեղանին կառուցողական մոտեցումով, ինչը մեզ հնարավորություն կտա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման ջանքերի արագացումը, որի մասին բազմիցս համանախագահներն ամենաբարձր մակարդակով կոչ են արել կողմերին և որի մասին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտել 2012 թվականի հունվարին Սոչիում ընդունված իրենց վերջին համատեղ հայտարարության մեջ»,- ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

«Կառուցողական մոտեցումն անհրաժեշտ է ոչ միայն կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, այլ նաև համանախագահների կողմից առաջարկված և Հայաստանի կողմից սատարված վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար, ինչպիսիք են՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների դուրս բերումը և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը»,- շեշտել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը նաև ասել է, որ տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու նպատակով՝ Հայաստանը կշարունակի ներդնել հնարավոր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ բացառապես խաղաղ ճանապարհով, ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի և Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարություններում ընդգրկված դրույթների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG