Մատչելիության հղումներ

logo-print
Խուդոյանների ընտանիքը արդեն մի քանի օր է փողոցում է, բայց չի կարողանում ոստիկանությունից պաշտոնական պատասխան ստանալ, թե Պուտինի այցելության օրը ովքեր և ինչու են իրենց բռնի ուժով հեռացրել նախագահի նստավայրի դիմացի մայթից, ինչու են ընտանիքի հորը՝ Աշոտ Խոդոյանին, տարել ոստիկանություն, այնուհետև ողջ ընտանիքին մեկ օր տնային կալանքի ենթարկել:

«Զանգել ենք «102», ասել են՝ կգանք, չեկան: Կգանք՝ կպարզենք ինչ է եղել: Իբրև նոր էին լսում», - պատմում է մայրը՝ Հեղինեն:

Նրա խոսքով, Պուտինի այցելությունից ժամեր առաջ իրեն և իր 3 անչափահաս երեխաներին տուն են տեղափոխել տարբեր մեքենաներով, իսկ 8 ամսական իր 4-րդ երեխային թողել են փողոցում՝ վերմակների տակ և միայն 2 ժամ հետո հասցրել մորը։ Խուդոյան ամուսինները հայտարարություն են ներկայացրել ոստիկանություն՝ «մարդ առևանգելու, երեխաներին ծնողից կտրելու, վախեցնելու, տնային կալանքի ենթարկելու և իրերը գողանալու համար»:

Խուդոյանները համոզված են, որ այս ամենը ոստիկանների կողմից է կատարվել, թեև նրանք չեն ներկայացել և քաղաքացիական հագուստով են եղել:

«Անցյալ օրը էլի ոստիկանին տեսա, որ «Նիվայում» ինձ պահում էր: Ու որ ինձ տեսավ՝ ինքը բաժին էր մտնում, որ ինձ տեսավ՝ գլուխը, խառնված, քաշեց մի կողմ», - պատմում է Հեղինե Խուդոյանը:

Միջադեպի ընթացքում, փաստորեն, նախագահականի դիմաց մնացել էին այս ընտանիքի իրերը, որոնք Հեղինեն ու իր ամուսինը գտել են մետրոյի Բաղրամյան կայարանում՝ միջադեպից 2 օր անց: Անկողնում թաքցված 20 հազար դրամն էլ կորել է՝ ասում են նրանք:

«Նավթահոտը փչում է երեխաների շորերից: Լցրել եմ այստեղ, որ լվանամ: Նետած հատակին՝ կեղտոտ, աղբոտ», - բողոքում է ընտանիքի մայրը, - «Պուճուրիկի շորիկները լրիվ նավթոտ․․․ պամպերսները․․․ ես ինչի՞ տեր եմ՝ տվել եմ պամպերս եմ առել, որ իմ երեխան հագնի, հանել եք․․․»:

Խուդոյանների ընտանիքը, որը պարբերաբար նստացույց էր անցկացնում նախագահականի դիմաց՝ պահանջելով լուծել իրենց տան սեփականության խնդիրը, հիասթափված է: Մայրը՝ Հեղինեն, ասում է, որ հնարավորության դեպքում ժամանակավոր կլքեն Հայաստանը․ - «Ժամանակավոր՝ մինչև տեսնենք երբ այստեղ նորմալ օրենքի երկիր կդառնա: Այս երեխաները որ մեծացան այս երկրում, արդեն որ մանկահասակ՝ 8 ամսական երեխային մորից կտրեն, մանկահասակին գողանան, քնած տեղը երեխան արթնանա՝ տեսնի, որ գողանում են իր հայրիկին, մայրիկին․․․ որ ի՞նչ»:

Ընտանիքի հայրը՝ Աշոտ Խոդոյանն ասում է , որ այս անպատժելիության մթնոլորտը ստիպում է իրեն անհանգստանալ նաև իր և իր ընտանիք կյանքի անվտանգության մասին։

«Ես հերթականությունը գիտեմ: Վերջնական այստեղ արյուն պետք է թափեն իրենք», - ասում է ընտանիքի հայրը:

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից մեզ որևէ պարզաբանում և մանրամասներ չփոխանցեցին: Ասացին միայն, որ միջադեպի տեսանյութը ուսումնասիրվում է:
XS
SM
MD
LG