Մատչելիության հղումներ

Պատգամավորը դատարանից պահանջում էր Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը, որով նա պահանջում էր Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Պատգամավորը պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել վերաքննիչ ատյանում:

Պատգամավորի համոզմամբ` Սամվել Ալեքսանյանը խախտել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը` ոչնչացրել ու վնասել է հուշարձանը: Իսկ քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկել կառուցապատողի ապօրինի գործողությունները կանխելու ուղղությամբ:

«Անկախ նրանից, թե այսօր այս դատարանը ինչ որոշեց, միևնույն է` եթե մենք չենք հաղթահարում այս խնդիրը, այսինքն` չենք կարողանում վերականգնել նախկին վիճակը, մի օր դա տեղի է ունենալու», - հայտարարեց Փոստանջյանը, - «Բոլոր այն փաստաթղթերը, որոնք այս պահին մեր տիրապետության ներքո են գտնվում, միանշանակ փաստում են, որ այս մարդիկ կատարել են հանցագործություն` նախատեսված ՀՀ Քրեական օրենսգրքով»:

Փակ շուկայի վերանորոգման շուրջ բարձրացած աղմուկը չի դադարում: Հուշարձանի ճակատագրով մտահոգ քաղաքացիների բողոքները սկսվեցին դեռևս շինարարական աշխատանքների ընթացքում: Դժգոհություններն ավելի լայն թափ ստացան, երբ շենքը շահագործման հանձնվեց: Հուշարձանը պահպանելու կողմնակից քաղաքացիների բողոքի ցույցերին զուգընթաց, նույն վայրում ու նույն ժամերին ակցիաների նախաձեռնեցին Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, ովքեր հայտարարում էին, թե իրենց «բարերարը» չի աղճատել հուշարձանը: Ավելին` բարի գործ է արել, վերանորոգել է այն ու նոր աշխատատեղեր բացել:

Փակ շուկան, հիշեցնենք, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Շինությունը ներառված է Երևանի պատմության և մշակութային հուշարձանների ցանկում, այսինքն համաձայն օրենքի՝ ենթակա չէ քանդման կամ ձևափոխման։

Փակ շուկայի հարցով ժամանակին ահազանգել էին մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իրենք ամեն ինչ արեցին հուշարձանը փրկելու համար, բայց «ունենք այն, ինչ ունենք»։
XS
SM
MD
LG