Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ «Հայաստանի ԱԳ նախարարի հետ քննարկեցինք կոնկրետ հարցեր»


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Կիևում, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Կիևում, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երկու օր առաջ Կիևում կայացած հանդիպումը նախորդներից տարբերվել է նրանով, որ «սուբստանտիվ» բովանդակություն է ունեցել, քննարկվել են կոնկրետ հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Երեկ բանակցություններում մենք շոշափեցինք կոնկրետ հարցեր և քննարկեցինք կոնկրետ հարցեր: Կարող եմ ասել, որ Կազանի հանդիպումից հետո կոնկրետ հարցեր չէին քննարկվել: Իսկ երեկվա հանդիպման ժամանակ մենք անդրադարձանք կոնկրետ հարցերի, որոնք ես առայժմ, իհարկե, չեմ կարող բացահայտել», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը ասել է Մամեդյարովը՝ նշելով միայն, որ Էդվարդ Նալբանդյանի հետ շարունակել են Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ համաձայնեցված «մի քանի պահերի» քննարկումը: «Եվ պայմանավորվեցինք, որ Հայաստանի արտգործնախարարը կտեղեկացնի նախագահին անցկացված հանդիպման արդյունքների և մեր դիրքորոշման մասին, ես նույնպես նախագահին կտեղեկացնեմ հանդիպման արդյունքների և Հայաստանի դիրքորոշման մասին», - հավելել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ հայ պաշտոնակցի հետ հանդիպումը տևել է 4 ժամից ավելի:

«Չեմ կարող ասել, թե եկանք ինչ-որ համաձայնության: Քանի որ մենք մեր դիրքորոշումն ունենք, Հայաստանը՝ իր: Սակայն մենք կշարունակենք քննարկումը», - հայտարարել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG