Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Կիևում մասնակցում է ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպման ժամանակ, Կիև, 5-ը դեկտեմբերի, 2013թ․

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպման ժամանակ, Կիև, 5-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցում է երեկ Կիևում մեկնարկած ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին:

Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ-ի անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Հինգշաբթի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 20-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը։ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել «Հելսինկի + 40» գործընթացի վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյաի հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ։

Կիևում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, մտքեր փոխանակել արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության, տուրիստական փոխանակումների խթանման վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիկովոկապիչի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպման ընթացքում արծարծվել են ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեությանն առնչվող հարցեր, երկուստեք նշվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG