Մատչելիության հղումներ

Ավտոերթ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների


Ավտոերթ՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
«Դ!ԵՄ ԵՄ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը այսօր մեքենաներով բողոքի երթ-ակցիա էր կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:

Մարզահամերգային համալիրից մեկնարկած ավտոերթի նպատակն էր քաղաքացիներին իրազեկել, որ տարեսկզբից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի պատճառով 1974թ-ի հունվարի 1-ից հետո ծնվածների աշխատավարձը առնվազն 5 տոկոսով պակասելու է: Ավտոերթի մեկնարկից առաջ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները զգուշացրին, որ թույլ չեն տալու օգտագործել ազդանշաններ, միացնել մեքենաների լուսաթարթիչները:

Մոտ 50 մեքենա խաղաղ երթով հասավ Բաղրամյան փողոց, և արդեն խորհրդարանի մոտ ազդանշանների միջոցով ակցիայի մասնակիցները իրենց վերաբերմունքը ցույց տվեցին քաղաքական մեծամասնության կայացրած որոշմանը: Ավտոերթի մասնակիցները մտադիր էին մի քանի պտույտ կատարել Հանրապետության հրապարակում, սակայն ոստիկանները փակել էին դեպի Ամիրյան փողոց տանող ճանապարհը, ինչի պատճառով խցանում առաջացավ հենց Կառավարության շենքի մոտ: Օգտվելով առիթից՝ ակտիվիստները միացրին ազդանշանները: Հենց խցանման մեջ ոստիկաններից փորձեցինք ճշտել, թե համաձայն ո՞ր օրենքի չի կարելի պտտվել հրապարակով:

«Հարգելիս, բոլորի համար հիմա չի կարելի, ոչ թե միայն ձեզ», - արձագանքեց ոստիկաններից մեկը, - «Ուղղակի խոչընդոտ են առաջացրել մեքենաները»:

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցը պարզաբանեց, թե ավտոերթի մասնակիցները խառնաշփոթ են ստեղծել ազդանշաններով:

Մեզ հետ զրույցում ակտիվիստ-վարորդներն ասացին, որ եթե հիմա պայքարը մինչև վերջ չտանեն, ապա հեռու չէ այն օրը, երբ այլևս մարդ չի մնա երկրում, որպեսզի դուրս գա բողոքի:

Բողոքի դուրս եկած մարդիկ պնդում են, որ իշխանություններն այսօր պարզապես մտնում են ժողովրդի գրպանը: Այսօր արդեն միջինը 25 տոկոս եկամտահարկ վճարող քաղաքացին ապահով ծերության ակնկալիքով կզրկվի աշխատավարձի ևս 5 տոկոսից: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ասել էր, որ իշխանության ներկայացուցիչների ամենաարդյունավետ քայլը կլիներ այն, որ օրենքի կիրառմանը զուգընթաց թեթևացնեին քաղաքացիների հարկային բեռը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մինչդեռ, պնդում է, որ պետությունը, 5 տոկոս վճարի պարտավորությունն իր վրա վերցնելով, հենց դա էլ անում է:

«Պարտադիր կուտակային համակարգի ներդրման շրջանակներում 5 տոկոս աշխատավարձից վճարում է աշխատող քաղաքացին, ևս 5 տոկոս, ձեր նշած հարկերից, որը ստացվում է, որ նվազեցվում է ձեր հարկերը, գնում է նորից ձեր անհատական հաշվին, որպես պարտադիր կուտակային համակարգում ձեր անձնական սեփականություն, որը պիտի գնա վաղվա ձեր կենսաթոշակային ապահովությանը: Ուրեմն ստացվեց, որ ձեր վճարած հարկերից ձեզ վերադարձվում է ևս 5 տոկոս ձեր անհատական հաշվին, և դուք ինքներդ ևս հինգ տոկոս վճարում եք ձեր անհատական կենսաթոշակային հաշվին, որը ապահովում է ձեր վաղվա բարեկեցիկ կենսաթոշակը»

Մինչ բարեկեցիկ կենսաթոշակին հասնելը՝ այսօր ապրել ցանկացող երիտասարդները պնդում են, որ դիմելու են բոլոր հնարավոր քայլերին՝ օրենքը հետ կանչելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG