Մատչելիության հղումներ

logo-print

Ուղևորափոխադրողները սպառնում են ձմռանը մարդկանց առանց տրանսպորտի թողնել


Եթե քաղաքապետարանը անհապաղ չթանկացնի տրանսպորտը, գծատերերը կհրաժարվեն դուրս գալ Երևանի փողոցներ: Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում, հայտարարեց, թե օր առաջ սպասում են քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի որոշմանը։

«Դա չի կարող գործադուլ կոչվել, որովհետև գործադուլը այն է, երբ աշխատողը լքում է իր աշխատավայրը։ Վարորդի աշխատավայրը ավտոմեքենայի մեջ է, նա իր ավտոմեքենայի մեջ կլինի, բայց ուղևոր չի փոխադրի։ Սա դեմարշ է, բայց դրա հետևանքները սարսափելի կլինեն»,- ասում է Եղիազարյանը։

Բողոքի այս ծայրահեղ միջոցին անցնելը գծատերերը պատճառաբանում են իրենց աղետալի վիճակով, տարիների ընթացքում ամեն ինչն է թանկացել բացի տրանսպորտից։

«Էլ հետ գնալու տեղ չկա, շատ վիրավորական է, մարդիկ տարիներ շարունակ վնասով աշխատում են, հույսով, որ կկարգավորվի բնագավառը, ձեռ են առնում»,- ասում է Ուղևորափոխադրողների միության նախագահը։

Հրանտ Եղիազարյանը խորհուրդ է տալիս չզարմանալ, որ վնասով աշխատել են, հազարավոր դոլարներ են ներդրել, ուզում են հետ ստանալ, ու սուտ է, թե իրենց շարքերում հիմնականում մեծահարուստ պաշտոնյաներ են, եթե կան էլ, նրանք էլ են հոգնել։

«Ենթադրենք, մի երկու շշկռած օլիգարխ էլ դեռ մնացել է էդ բնագավառում աշխատում է, բայց չի էլ ուզում էդ կողմ շուռ գա, նայի»,- ասում է նա։

Ստյոպա Սաֆարյանը ծիծաղելի է որակում պնդումները, թե գծատերերը պատահական մարդիկ են, հիմա էլ՝ անօգնական վիճակում: Երևանի ավագանու «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամն ասում է, թե այսօր երթուղիները հենց փողատերերին հանձնելու «օգուտներն» ենք քաղում.- «Կարող են ուղղակի իրենց անձնական եկամտի համար կամ գերշահույթներ չստանալու պատճառով ուղղակի շանտաժի ենթարկել ողջ հասարակությանը»։

Ավելին, Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ հենց քաղաքապետն է ուղղորդում գծատերերին՝ խորհուրդ տալով դժգոհության ալիք բարձրացնել, քանի որ, ընդդիմադիր գործչի տեղեկություններով, Տարոն Մարգարյանն ինքը երթուղիներ ունի։

«Երևանի քաղաքապետը նրանց հուշել է, անցնել կրկին փողոցային պայքարին, որովհետև հարցերը լուծվում են փողոցային պայքարի միջոցով, որպեսզի ի կատար ածեն գաղտնի պայմանավորվածությունը՝ հասարակական տրասնպորտի ուղեվարձը թանկացնելու վերաբերյալ»,- ասում է Սաֆարյանը։

Գծատերերի այս վարքագիծը, ավագանու «Բարև, Երևան» խմբակցության համոզմամբ, արդեն դուրս է օրենքից. եթե դժգոհություններ ունեն, թող դատարանով լուծարեն քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրերը։

«Մարդկանց թողնել առանց տրանսպորտի նշանակում է նրանց պայմանագրային պարտավորությունների չկատարում, իսկ այդ դեպքում պարտավոր ենք լինելու ուղղակի բարձրացնել նրանց՝ երթուղային այդ գծերից զրկելու հարցը»,- ասում է Սաֆարյանը։

Դա, ըստ ընդդիմադիրներ, վերջապես պայմաններ կստեղծի երթուղիները պետությանը վերադարձնելու ու տրանսպորտը բարեփոխելու համար: Սակայն, այնուամենայնիվ, եթե քաղաքային իշխանությունները ուղեվարձը բարձրացնելու երկրորդ փորձն անեն, ապա, ըստ Սյոպա Սաֆարյանի, այս անգամ երևանցիներից շատ ավելի քիչ ժամանակ կպահանջվի արդյունքի հասնելու համար։

«Եթե նախորդ անգամ մի շաբաթ պահանջվեց, որպեսզի մարդկանց մի մասը ձերբազատվի ամոթի զգացողությունից, թե ինչու ինքը 50 դրամ ավելի չի վճարում, մի մասը ձերբազատվեց վախից զգացումից, ապա այս անգամ նախորդ փորձի հիմքի վրա հասարակությունը միանգամից և կտրուկ է արձագանքելու»,- կարծում է ավագանու անդամը։

Ուղևորները թանկացման մասին լսել չեն ուզում. «Ազատության» հետ զրույցներում նրանք բողոքում էին տրանսպորտի որակից և պնդում, որ եթե գծատերերը շահույթ չունեն, ապա իրենք առավել ևս չունեն։
XS
SM
MD
LG