Մատչելիության հղումներ

Կառավարությունը փակում է Մեծամորի ծննդատունը. բնակիչները դեմ են


Կառավարությունը փակում է Մեծամորի ծննդատունը. բնակիչները դեմ են
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

Կառավարությունը փակում է Մեծամորի ծննդատունը. բնակիչները դեմ են

Կառավարությունը որոշել է հաջորդ տարվա հունվարից փակել Մեծամորի ծննդատունն ու գինեկոլոգիական բաժանմունքը։

Սակայն այս քաղաքի բնակիչները դեմ են, նրանք ասում են, որ Արմավիր կամ Էջմիածին հասնելու համար ստիպված կլինեն ճանապարհածախսի խնդիր լուծել, ինչի հնարավորությունը չունեն։

«Ասենք, մեկը արնահոսություն է ունենում, ինչի՞ համար հասցնենք Արմավիր։ Ավելի՞ հարմար չէ հասցնեմ Մեծամորի հիվանդանոց»,- հարցնում է կառավարության որոշումը վիճարկող մեծամորցի մի կին։

Բնակիչները նաև ասում են, որ տարիներ շարունակ այս հիվանդանոց այցելելիս բարեկամացել են բուժանձնակազմի հետ և անգամ այն պարագայում, երբ գումար չեն ունենում, կարողանում են բուժօգնություն ստանալ։

Մեծամորցիները այստեղ նաև կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, ասում են՝ չորս առաջ տեղափոխեցին քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկան՝ խոստանալով, որ մի քանի ամիսների ընթացքում կվերանորոգեն ու կվերաբացեն, սակայն մինչ օրս խոստումը չի կատարվել։ Պոլիկլինիկան այսօր գործում է հիվանդանոցին կից ու շատ վատ պայմաններում, իսկ հին շենքը, բնակիչների ունեցած տեղեկություններով, վաճառվել է։

«Մի հատ քանդված շենք է, և հիվանդն ու առողջը մի փոքրիկ սենյակում ստուգվում են, իսկ երբ հիվանդն ու առողջը իրար հետ են ստուգվում, նա նրանից վիրուսը վերցնում է»։

Հիվանդանոցում ասում էին, որ իրենց պայմանները բավարար են կանանց սպասարկելու համար, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ծնունդները ավելացել են մոտ երկու անգամ։ Մինչդեռ բնակիչներին ասել են, թե բաժանմունքը փակվում է, քանի որ ծնելիությունը ցածր է։

Ծննդատան ավագ բուժքույր Շողիկ Մաթևոսյանը նաև հավելում է, որ իրեն և փակվող բաժանմունքի 25 աշխատողների խոստացել են չթողնել առանց աշխատանքի և տեղափոխել այլ բաժանմունք, որը դեռ գոյություն չունի։

«Խոստացել են, որ էնդոկրինոլոգիայի բաժանմունք կբացվի և բոլորիս կտեղավորեն։ Խոստումներին հավատում ենք, բայց թե երբ կլինի...»,- ասում է Մաթևոսյանը։

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ այս բաժանմունքի փակվելու պատճառը թերծանրաբեռնվածությունն է, օրական այստեղ միջինում մեկ երեխա է ծնվում։

«Եվ այդ ծննդատունը ունի 28 աշխատող, մեկ ծննդկանի ստացած գումարով հնարավոր չէ 28 աշխատողի աշխատավար, էլեկտրաէներգիա և այլն վճարել։ Այսինքն այդ կառույցը աշխատում էր վնասով, թերծանրաբեռնված, որը ազդում էր նաև որակի վրա։ Միևնույն ժամանակ մենք Արմավիրում ունենք գերժամանակակից և հագեցված ծննդօգնության ծառայություն, որը ընդամենը 8 կմ հեռավորության վրա է, և բավականաչափ հասանելի է»,- փոխանցեց Քրմոյանը։

Այսօր բողոքող բնակիչների հետ հանդիպել է Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, ով ասել է, թե որոշումն արդեն կայացված է, և ոչինչ անել հնարավոր չէ։ Մեծամորցիները այժմ մտածում են, թե ինչ անել, ոմանք առաջարկում են երթով գալ Երևան կառավարության շենքի մոտ, մյուսներն ասում են, որ չեն կարող արդյունքի հասնել, և պայքարն անիմաստ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG