Մատչելիության հղումներ

logo-print
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց, ասված է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ հիշյալ անձը համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել «ELEN», «Allen Minasyan», «HOVHANNES @ SYUZKA» անուններով:

Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:

Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը վարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:

Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, Ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր: «Դիմում ենք հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG