Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժեց պարտադիր կուտակայինի ներդրումը հետաձգելու առաջարկը


Բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի դիմաց, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի դիմաց, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած նախագծին դեմ քվեարկեց կառավարող կոալիցիան:

Ձայների 46 կողմ, 54 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու առաջարկ-նախագծին:

Նախքան քվեարկության մեկնարկը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը՝ հանձինս Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունների, դեմ է քվեարկելու նախագծին:

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի ներկայացուցիչները իրենց հիասթափությունը հայտնեցին քվեարկության արդյունքների վերաբերյալ: Պատգամավոր Հրանտ Բագրատյանի պնդմամբ՝ իշխանությունները մոլորության մեջ են գցում բնակչությանը ասելով, թե համակարգը ներդնելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և Հայաստանը հետևում է Չիլի օրինակին:

«Ապրեք, քվեարկեցիք անցավ: Առաջարկում եմ Հանրապետական կուսակցությանը՝ փող գտեք, մեկ-երկու հոգու գործուղեք ձեզանից Չիլի, և կտեսնեք, որ Չիլիում էլ այդպես չէ», - պնդեց Բագրատյանը:

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն առաջարկեց հանրապետականներին այդքան երկար ճանապարհ չանցնել, այլ ընդամենը իջնել խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ակտիվիստները անհամբերությամբ սպասում էին քվեարկության արդյունքներին:

«Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրեք ձեր ժողովրդին», - կոչ արեց Հովհաննիսյանը:

Արդեն երրորդ օրը Խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները սուլոցներով ընդունեցին ԱԺ քվեարկության արդյունքները:

Հանրապետական կուսակցության պատգամավորներից որևէ մեկը դուրս չեկավ բողոքող ժողովրդին ընդառաջ: Փոխարենը՝ ցուցարարները ծափողջյուններով դիմավորեցին օրենքին ընդդիմացող 4 խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներին: Պատգամավորները, քաջալերելով ցուցարարներին, խոստացան, որ պայքարն այսքանով չի վերջանում:

«Եթե ուզում եք հասնել արդյունքի, ով մի քայլ նահանջեց՝ ամոթ նրան: Սա վերաբերում է և՛ մեզ, և՛ ձեզ», - մասնավորապես ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Միանսյանն էլ կարծիք հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը արհամարհեց «առաջին հերթին սեփական ժողովուրդը»․ - «Բայց մենք նահանջ չենք արձանագրելու և գնալու ենք: Կլինի գործադուլ, կլինի ընդվզում․․․ մենք ամեն ինչ անելու ենք, որովհետև այս կոնկրետ քայլը պարտադիր բաղադրիչ է: Այն ձևով, ինչ ձևով ներկայացվում է, հարվածում է մեր ազգային արժեհամակարգին, հարվածում է երիտասարդների ապագա բոլոր ծրագրերին և մղելու է արտագաղթի»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ցուցարարներին առաջարկեց․ - «Սկսենք ստեղծել աշխատանքային խմբեր համազգային գործադուլ անցկացնելու վերաբերյալ»:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման մասին օրենքին ընդդիմացող պատգամավորները տեղեկացրին, որ այս պահին մշակում են հետագա քայլերը և դրանցից առաջնահերթը Սահմանադրական դատարան դիմելն է:

«Բոլորս էլ ապրում ենք այստեղ, բոլորս էլ քանիցս տեսել ենք նաև Սահմանադրական դատարանի դիրքորոշումը: Պետք չէ լինել ռոմանտիկ, բայց կա օրենք՝ Սահմանադրություն, և մենք ձեզ հետ միասին առաջնորդվելու ենք օրենքի և Սահմանադրության ճանապարհով», - հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանից ցուցարարները շարժվեցին դեպի Մարդու իրավունքների Պաշտպանի գրասենյակը, որի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ իրենք ևս միանում են ՍԴ դիմելու՝ պատգամավորների առաջարկին:

Ի դեպ, այսօրվա ցույցին միացել էին նաև ամիսներ շարունակ իշխանություններին ուղղված սոցիալական և քաղաքական պահանջներով բողոքի ակցիաներ անցկացնող ազատամարտիկները, ներկա էր նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: «Ազատության» հետ զրույցում նա հույս հայտնեց, որ օրենքի դեմ դուրս եկող մարդկանց թիվը օր օրի կավելանա:

Վաղը ցուցարարները հերթական բողոքի ակցիան կանցկացնեն՝ այս անգամ ավտոերթի տեսքով:
XS
SM
MD
LG