Մատչելիության հղումներ

Մինչև տարեվերջ Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն արդիական տանկերով


Մինչև տարվա վերջ Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն արդիական տանկերով: Այս մասին «Ազատությանը» հայտնի դարձավ հայաստանյան ռազմական շրջանակներից: Վերջիններիս փոխնացմամբ, ներկայում լեհական ընկերություններից մեկը արդիականացնում է Հայաստանի զինված ուժերի Т-72 տեսակի տանկերը: Քանակությունն անհայտ է, որևէ տեղեկություն չի հաղորդվում նաև արդիականացված տանկերի տեխնիկական տվյալներր վերաբերյալ:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այս տեղեկությունը՝ նշելով. - «Նման տեղեկություն չենք տրամադրում մամուլին, թե սպառազինության ի՞նչ քանակ, տեսակ և որտե՞ղ ենք կատարելագործում: Հայաստանի պաշտպանության նախարարության սպառազինության կատարելագործումը շարունակական գործ է և հանդիսանում է մեր աշխատանքի գերակա ուղղություններից մեկը»:

Հայկական տանկերի արդիականացման մասին տեղեկությունը առաջինը օրերս հրապարակեց Մոսկվայում գործող հեղինակավոր՝ «Սպառազինության համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» (Центр анализа мировой торговли оружием), որը հայտնի է Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռազմական հետախուզության հետ ունեցած կապերով:

Ըստ կենտրոնի` լեհական «Բումար լաբեդի» (Bumar Łabędy) ընկերությունում ընթանում է հայկական զինված ուժերի Т-72 տեսակի թվով 84 տանկերի արդիականացումը, և աշխատանքների ավարտից հետո հայկական Т-72-ները կդառնան լեհական PT-72U կարգի տանկեր: Ըստ աղբյուրի` գործարքի ընդհանուր գումարը կազմում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար: Տանկերի արդիականացումը պետք է ավարատվի 2015 թվականին, սակայն առաջին արդիականացված խմբաքանակը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

«Բումար լաբեդի»-ն լեհական ռազմաարդյունաբերության ոլորտի հնագույն ձեռնարկություններից է: Սպառազինության արտադրությամբ զբաղվում է 1938 թվականից:

Razm.Info-ի մեկնաբան Գարիկ Հարությունյանի ներկայացմամբ` արդիականացումից հետո հայկական տանկերը իրենց հզորությամբ հավասարվում են ռուսական արտադրության Т-90 տանկերին:

« PT-72-ի դեպքում ավելացված է, օրինակ, դինամիկ զրահ, արդիականացվել է շարժիչը` դրվել է նոր շարժիչ, փոխվել են նաև կապի սարքավորումները: Փոխվել են դիտման սարքերը, տեղադրվել են տեսախցիկներ: Եվս մի քանի սարքեր են տեղադրվել: Կրակի կառավարման համակարգը նույնպես փոխվել է», - որոշ մանրամասներ ներկայացրեց Հարությունյանը:

Համեմատությունը Т-90 տանկերի հետ պատահական չէ: Այս ամռանը հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանը մոտ 4 միլիարդ դոլարի սպառազինության վաճառքի պայմանագրեր ունի Ադրբեջանի հետ և այդ շրջանակում Բաքվին արդեն իսկ մատակարարել է հարձակողական նշանակության մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում՝ 94 միավոր Т-90С տեսակի տանկեր:

Բազմաթիվ դիտորդների համոզմամբ` ռուսական կողմի այդ մատակարարումները որպես Երևանի նկատմամբ ճնշամիջոց իրենց դերն ունեցան, ու Հայաստանը նաև այդ պատճառով ստիպված եղավ հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից և որոշում կայացրեց անդամակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Մաքսյաին միութանը:

Ուշագրավ է, որ Հայաստանը տանկերի արդիականացման պայմանագիր է կնքում ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի հետ: Ուշադրություն է գրավում ոչ միայն պայմանագրի բնույթը, այլև ծավալը՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս կապակցությամբ հիշեցնենք, որ ռազմաարդյունաբերության ոլորոտում համագործակցության վերաբերյալ նախորդ ամիսներին Հայաստանը պայմանավորվածություններ ձեռք բերեց նաև ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների` Միացյալ Նահանգների, Իտալիայի և Հունաստանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը կարծիքով, թեև չի կարելի ասել, որ գործարքը նոր մակարդակ կտեղափոխի ՆԱՏՕ-ի ու արևմտյան երկրների հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը,այդուհանդերձ, նրա ձևակերպմամբ` սրանով «ի ցույց է դրվում, որ մենք այդ համագործակցությունը շարունակելու ենք»:

«Պարզ է, որ մարտահրավեր է նետվել Ադրբեջանի կողմից և հայկական կողմը պատասխանում է Բաքվին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը` շարունակելով. - «Բնական է, որպեսզի մենք մեծ ծախսեր չանենք, նոր տեխնիկա ձեռք չբերենք, ավելի քիչ ծախսերով մենք բերում ենք մեր տանկերը նույն հզորության, ինչ որ, հնարավոր է, ունեն Ադրբեջանում: ՆԱՏՕ-ի անդամ շատ պետությունների հետ համագործակցում ենք. դա բնական է, դա նորմալ է, դա ուժեղացնում է մեր պաշտպանությունը»:
XS
SM
MD
LG