Մատչելիության հղումներ

Բռնություն է կիրառվել Խուդոյանների ընտանիքի նկատմամբ


Սեփականության իրավունքի վերականգման պահանջով Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց նստացույց անցկացնող Խուդոյանների ընտանիքի անդամներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցից ժամեր առաջ իրավապահները բռնի ուժով նստեցրել են մեքենաներն ու հեռացրել նստավայրից:

«Ինձ առևանգել են, երեխաներիս առևանգել են, երեխաներիս ինձնից զրկել են, ամուսնուս ծեծի են ենթարկել, առևանգել են, ոստիկանությունում ապօրինի պահել են, տնային կալանքի են ենթարկել և ծաղր ու ծանակի… Ազատ, անկախ Հայաստանում մի հատ Պուտին է գալիս, վեց հոգանոց ընտանիքին բռնության են ենթարկում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը` Հեղինեն:

Նրա փոխանցմամբ` քաղաքացիական հագուստով ոստիկանները ամուսնուն ծեծել ու տարել են ոստիկանություն, իսկ իրեն ու երեխաներից երեքին, ընդ որում տարբեր մեքենաներով, բերել են Էջմիածին: Չորրորդ երեխային` ութ ամսական, հավանաբար չեն նկատել ու թողել են վերմակների տակ: Երեխային տուն են բերել միայն երկու ժամ հետո:

«Իմ կրծքի երեխային, այնքան խառն են եղել, որ մոռացել են, վերմակի տակ է մնացել: Այդտեղ նստացույց անող տիկին Էմման լացի ձայն է լսել, գրկել է», - պատմեց Հեղինեն:

Ընտանիքի հայրը` Աշոտ Խուդոյանն ասաց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները չեն ներկայացել և չեն պարզաբանել, թե ինչու են իրեն տանում ոստիկանություն. - «Ներկայանալու փոխարեն քացով ոտքիս են խփել»:

Պուտինի` Հայաստանում գտնելու ողջ ընթացքում ընտանիքին պահել են տնային կալանքի տակ:

Միջադեպին հետևում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Քաղաքացու նկատմամբ բռնություն է կիրառվել, բերման են ենթարկել ոստիկանության բաժին` առանց պատճառաբանությունների», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը` հավելելով, որ ՄԻՊ գրասենյակը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել ոստիկանությունից և պետական այլ մարմիններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG