Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանյան 8 հասարակական կազմակերպություններ այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով՝ «դեկտեմբերի 2-ին Երևանում իրենց իրավունքներն ու ազատություններն իրացնող անձանց հանդեպ ՀՀ ոստիկանության ձեռնարկած հակաօրինական գործողությունները»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության», «Հելսինյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Երևանի մամուլի ակումբ» և «Իրավունքի և ազատության կենտրոն» կազմակերպությունները արձանագրում են․ - «Դեկտեմբերի 2-ին Երևանում քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան ժամանելու առիթով, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ արտահայտելու Հայաստանի քաղաքացիների՝ Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա և չհիմնավորված որոշման դեմ բողոքը և պաշտպանելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ինքնիշխանության սկզբունքը: Այս միջոցառումների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ոտնահարվել են քաղաքացիների ազատ տեղաշարժի, արտահայտման ազատության ու խաղաղ հավաքների իրավունքները»:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց հայտարարությամբ նաև պահանջում են «վերջ տալ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնություններին ու քաղաքական հետապնդումներին և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ կատարած ոստիկաններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG