Մատչելիության հղումներ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարությունում ռուսական շովինիզմի դրսևորում է տեսնում:

Պուտինը եկավ ասելու, որ Հայաստանն այլևս գոյություն չունի, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդը՝ գնահատելով, մասնավորապես, Պուտինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը չի հեռանալու Անդրկովկասից:

«Իր հիմնական ուղերձը ես համարում եմ այն, որ ըստ Պուտինի Հայաստան գոյություն չունի, կամ եթե գոյություն ունի, դա իր համար տասներորդական խնդիր է: Կա տարածաշրջան՝ Անդրկովկաս անունով, որի երկու երկրներից՝ Վրաստանից և Ադրբեջանից, Ռուսաստանը վտարված է իր ռազմական ներկայությամբ, իսկ Հայաստանում կա», - ասաց ԱԻՄ առաջնորդը՝ մեկնաբանելով․ - «Դա նույնիսկ եթե ոմանք լեզվի սայթաքում կհամարեն, իրականում ես չեմ կարող գնալ Ֆրանսիայում խոսել ու ասել՝ գիտեք, մենք Արևմտյան Եվրոպայում մեր ներկայությունը շարունակելու ենք: Ինձ համար Ֆրանսիան Ֆրանսիա է: Ֆրանսիայում ես պիտի ասեմ Ֆրանսիա: Պուտինը եկավ Հայաստան ասաց, որ ինքը Հայաստանը ընկալում է որպես Անդրկովկաս: Դա ռուսական շովինիզմի տասնամյակներ, հարյուրամյակներ տևած քաղաքականությունն է, նրանց՝ Հայաստանն առանց հայերի և ընդհանրապես՝ առանց Հայաստան անվան քաղաքականության շարունակությունն է»:

Սուր քննադատելով Վլադիմիր Պուտինին՝ Պարույր Հայրիկյանը միաժամանակ շեշտում էր, որ մի բան է Ռուսաստանը, այլ բան՝ ռուսական իմպերիալիզմը Պուտինի գլխավորությամբ:

Ռազմաբազան՝ «ձրիակերների կենտրոն»


«Տեսեք՝ Հայաստանը մշտապես գնդակոծվում է, չէ՞: Ընդամենը մեկ-երկու անգամ Ռուսաստանը պիտի պաշտոնապես ասեր՝ ադրբեջանցիներ, մենք այստեղ ապահովում ենք, որպես դաշնակից, այս պետության անվտանգությունը, դուք ձեզ կոռեկտ պահեք, որովհետև հակառակ դեպքում մենք պիտի ստիպված լինենք միջամտել: Էդ ե՞րբ պիտի պաշտպանի Հայաստանին: Եթե այս 10 տարվա ընթացքում մոտավորապես 1000 զոհ է եղել, և ինքը որևէ վերաբերմունք չի դրսևորել, ինչի՞ս է պետք իր պաշտպանությունը: Ռուսական այդ ռազմական բազան ձրիակերների կենտրոն է և նրա հզորացումը որևէ կերպ չի կարող նպաստել մեզ», - հավելեց Պարույր Հայրիկյանը:

«Դիկտատորի գնահատականը»


Անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը՝ Պարույր Հայրիկյանը հստակեցրեց՝ դա բռնակցում էր:

Նախկին Խորհրդային Միության տասնյակ այլախոհներ, այդ թվում՝ Հայաստանից Պարույր Հայրիկյանը, նախօրեին համատեղ հայտարարություն են ստորագրել՝ զորակցություն հայտնելով ուկրաինական Եվրամայդանի ցուցարարներին: Արևմտամետ գործիչները Ուկրաինայի իշխանությունների զսպվածության կոչ են արել: Մինչդեռ Ռուսաստանի առաջնորդը, հիշեցնեմ, Երևանում հայտարարեց, թե այն ինչ կատարվում է Կիևում՝ կապ չունի Եվրամիության հետ, այլ ընդդիմության կողմից փորձ է խարխլել գործող լեգիտիմ իշխանությունը:

«Նա աթոռից բացի ուրիշ բան չի կարող պատկերացնել՝ փող և աթոռ: Դիկտատորի գնահատականը ինձ համար զրո է», - հայտարարեց Պարույր Հայրիկյանը, - «Ուկրաինացի ժողովուրդը ցույց տվեց, որ ունի բարոյական արժեքներ, սկզբունքներ, հեևողականություն»:
XS
SM
MD
LG