Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի՝ երեկ Հայաստանում անցկացրած ավելի քան վեց ժամվա ընթացքում այդպես էլ որևէ հայերեն բառ չհնչեց՝ ո'չ երկկողմ բանակցություններում, ո'չ Հայաստանի նախագահի ելությում, ոչ էլ լրագրողների հարցերում։ Պաշտոնական հանդիպման մանսակիցները բացառապես ռուսերեն էին հաղորդակցվում։

Հարցին, թե պաշտոնական հանդիպումները ռուսերեն անցկացնելը արդյոք օրենքի խախտում չէ Լեզվի տեսչությունից ձեռնպահ մնացին պատասխանել։

Մինչդեռ լեզվի մասին օրենքը փաստում է, որ «Հայաստանի ցանկացած հաստատություն համագումարների, ժողովների, պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ պարտավոր է ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը», ինչը երեկ նախագահի նստավայրում չարվեց։

Նախկին փոխարտգործնախարար Արման Նավասադյանը առանց թարգմանության մոտ մեկ ժամ տևած ասուլիսը բնութագրեց որպես «անփութություն և վրիպում»: Նրա փոխանցմամբ` պաշտոնական արարողությունների ժամանակ «անպայման պետք է լինի երկու լեզու»:

Մինչդեռ թարգմանիչ չգտնվեց ոչ միայն նախագահական նստավայրում, այլև Գյումրիում՝ Ռուս-հայկական տնտեսական համաժողովում, որին հարյուրավոր Հայաստանի քաղաքացիներ էին մասնակցում։ Թարգմանիչ չկար նաև երեկ առավոտյան՝ Երևանում հայ-ռուսական արձանի բացմանը, որտեղ Հայաստանի վարչապետը իր խոսքն ասաց ռուսաց լեզվով այն դեպքում, երբ ռուսական կողմից ներկա էին ընդամենը մի քանի պաշտոնյա, իսկ բոլոր մյուսները Հայաստանի քաղաքացիներ էին։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի խոսքով` անկախ պետության ինքնավարության ամենակարևոր բաղադրիչը լեզուն է. - «Մեզ մոտ, ցավոք, անտեսվում է հայերենի` իբրև անկախ պետության պաշտոնական լեզվի կարևորությունը»:

Ի դեպ, Հայաստան կատարած այցի ժամանակ եւս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր տնտեսական ու քաղաքական հարցերի շարքում հարկ համարեց անդրադառնալ նաև Երևանում բացվելիք ռուսալեզու գիմանազիային և Լոմոնոսվի անվան համալսարանի մասնաճյուղին։

Պուտինի այցի ժամանակ նաև երկու երկրների կրթության նախարարները հուշագիր են ստորագրել՝ միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման մասին, որի բովանդակությունը, սակայն, մինչև այս պահը չի հրապարակվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG