Մատչելիության հղումներ

2013-ին Հայաստանը առանձնապես չի բարելավել իր դիրքերը կոռուպցիայի ընկալման տեսանկյունից:

Մեր հանրապետությունը 177 երկրների շարքում զբաղեցնում է 94-րդ տեղը` այն կիսելով Հնդկաստանի, Ալժիրի, Բենինի, Կոլումբիայի, Ֆիլիպինների, Ջիբուտի և Սուրինամի հետ:

Այս մասին այսօր հայտարարեց Transperancy International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով կազմակերպության ամենամյա՝ կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակը:

«Այս տարի Հայաստանի համաթիվը 36 է, իսկ, ըստ տարբեր հետազոտությունների, եթե տվյալ երկրի համաթիվը փոքր է 50-ից, ապա կոռուպցիան բավականին լուրջ հիմնախնդիր է այդ երկրում», - նշեց Վարուժան Հոկտանյանը:

Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ երկրի բնակչությունը իր պետական եւ համայնքային մարմիններն ընկալում որպես կոռումպացված: Հայաստանում այդ ընկալումը բավականին բարձր է, մինչդեռ, հարկ է նշել, որ հարևան Վրաստանի քաղաքացիները ավելի շատ են վստահում իրենց պետական մարմիններին: Այս երկիրը աղյուսակում 55-րդն է:

Տարածաշրջանում լավագույն ցուցանիշը Թուրքիայինն է՝ 53-րդ հորիզոնական: Հարցին, թե ինչպիսին են Մաքսային միության երկրների ցուցանիշները, որին անդամակցելու ճանապարհին է Հայաստանը, Հոկտանյանը պատասխանեց. - «ՄՄ երեք հանրապետություններն էլ Հայաստանին զիջում են․ Բելառուսինը՝ 29, Ռուսաստանինը՝ 28, Ղազախստանինը` 26»:

ՄՄ այս երկրների գրանցած արդյունքները նա համեմատեց սկանդինավյան և եվրոպական մյուս երկրների գրանցած լավագույն ցուցանիշների հետ՝ քարտեզի վրա ցույց տալով, թե դեպի որ երկրներ պետք է ձգտել՝ արդյունքների բարելավման համար:
XS
SM
MD
LG