Մատչելիության հղումներ

Ակտիվիստները սպառնում են Մաքսային միության դեմ նոր ակցիաներով


Հայաստան -- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ակցիաներ Երևանում, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Հայաստան -- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ակցիաներ Երևանում, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Երեկ նախագահական նստավայրում Հայաստանը պարզապես կորցնում էր իր ինքնիշխանությունը, կարծում են «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամները։

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում նախաձեռնության անդամ Վրեժ Զատիկյանը հայտարարեց, որ իրենք երեկ փողոց էին դուրս եկել, ցույց տալու որ նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած որոշումները ոչ թե հայ ժողովրդի կամքն են արտահայտում, այլ հենց նախագահի և նրա իշխանության։ Ակտիվիստները հատկապես առանձնացրեցին «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը ռուսական կողմին տալու որոշումը, ինչը, նրանց կարծիքով, անընդունելի է։

«Այս կառավարության՝ Հայաստանի անկախության վրա ազդող նման փաստաթղթերին դեմ ենք: Բնականաբար մենք դրանք չենք ճանաչում և մեր ուզածն է, որ բոլոր այդ քայլերից ետ դառնանք», - ասում էին նրանք:

Ակտիվիստների խոսքով երեկվա բողոքի ցույցը միայն սկիզբն էր մի գործընթացի, որի վերջնական նպատակը Հայաստանի անկախությանը սպառնացող բոլոր գործոնների վերացումն ու նախագահի հրաժարականն է։ Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանի խոսքով առաջիկայում պատրաստվում են ավելի մասշտաբային բողոքի ակցիաների․ - «Դեռևս երկու նամակ ունենք, որ չենք հանձնել ԱԺ և նախագահական նստավայր։ Հայտնում ենք, որ մեր գործողությունները շարունակական են լինելու և ավարտվելու են Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միություն բռնակցման գործընթացի կասեցմամբ: Տարածելու ենք պետության, ժողովրդավարության, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների արժեքները, հայրենասիրություն և ազատամտություն, համախմբելու ենք ՀՀ քաղաքացիներին և կազմակերպություններին մեր գաղափարների շուրջ»։

Առաջիկա ակցիայի օրը դեռ պարզ չէ, քանի որ նախաձեռնության տասնյակ անդամներ երեկ բերման էին ենթարկվել, և մինչ այժմ պարզապես չեն հասցրել որոշել ակցիայի օրը։

Անդրադառնալով երեկվա իրադարձություններին՝ նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանն էլ ասաց, որ ցույցերից մոտ 3 ժամ առաջ իրենք ոստիկանությանը և քաղաքապետարանին տեղեկացրել էին երթի մասին, բայց ոստիկանությունը, իրենց գնահատմամբ՝ խախտելով մարդկանց մի շարք իրավունքներ, պարզապես խոչընդոտեց երթի ընթացքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG