Մատչելիության հղումներ

Հայաստանը բարելավել է դիրքերը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում


Աշխարհի քարտեզը ըստ Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Աշխարհի քարտեզը ըստ Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանը այս տարի 36 միավորով 94-րդ տեղն է զբաղեցնում 177 երկրների շարքում:

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման ինդեքսը աշխարհի 177 երկրներում: Ամենամյա այս զեկույցում կազմակերպությունը ներկայացնում է, թե ըստ փորձագիտական և գործարար շրջանակների գնահատականների որքանով են կոռումպացված տվյալ երկրիի պետական կառույցները:

Այս ուսումնասիրությունը հիմնված է անցած 24 ամիսներին հավաքված տվյալների վրա, 177 երկրները գնահատվել են 0-ից 100 միավորանոց սանդղակով, որտեղ 100 միավորը կոռուպցիայի իսպառ բացակայությանն է, իսկ 0 միավորը՝ բացարձակ կոռումպացվածությունը:

Այս սանդղակում Հայաստանը հավաքել է 36 միավոր և 177 երկրների շարքում գրավում է 94-րդ տեղը` այն կիսելով այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ալժիրը, Ֆիլիպինները, Հնդկաստանը, Բենինը:

Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանը բարելավել է դիրքերը երկու միավորով և առաջ գնացել 11 կետով` 2012-ի զեկույցում Հայաստանը 34 միավորով 105-րդ տեղն էր զբաղեցնում:

Այս տարածաշրջանում ամենալավ վիճակում Թուրքիան է՝ 50 միավորով գրավում է 53-րդ տեղը, հետո Վրաստանն է՝ 55-րդ տեղում, Ադրբեջանն ու Ռուսաստանը երկուսն էլ 28 միավորով 127-րդ տեղում են:

Մաքսային միության երկրներից Ղազախստանն ու Բելառուսը տեղավորվել են նրանց մոտակայքում` Բելառուսը փոքր-ինչ ավելի լավ դիրքերում է` 123-րդ տեղում, իսկ Ղազախստանը 140-րդ տեղն է զբաղեցրել 177 երկրների շարքում:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսի առաջին հորիզոնականում Դանիան է: 100 հնարավորից հավաքելով 91 միավոր՝ այս երկիրը ըստ փորձագետների և գործարարների ընկալումների գրեթե կոռումպացված չէ:

Ցանկը ընդամենը 8 միավորով ամփոփում և խիստ կոռումպացված են համարվում Սոմալին, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG