Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյան. «Պարտադիր բաղադրիչը պարտադիր պիտի հանվի»


49-ը ընդդիմադիր պատգամավորների (ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցություններից) պահանջով այսօր Ազգային ժողովում արտահերթ քննարկում կազմակերպվեց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը նախատեսող օրինագծի շուրջ:

Ընդդիմադիր օրենսդիրները, հիշեցնենք, պահանջում են առնվազն մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը և այդ ընթացքում փոփոխություններ կատարել, մասնավորապես` օրենքից հանել պարտադիր բաղադրիչը:

Մինչ քննարկումը կսկսվեր` խորհրդարանի դիմաց կրկին բողոքի ակցիա էր: «Դեմ ենք», «Ձեռքներդ հեռու մեր աշխատավարձերից» և նման բովանդակությամբ այլ պաստառներով տասնյակ ակտիվիստներ փորձում էին ճնշում գործադրել քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների վրա:

Տարածքը հսկող ոստիկանները ակցիայի մասնակիցներին տեղեկացրեցին, որ անվտանգության նկատառումներով փողոցներում կուտակումները ցրելու հրահանգ են ստացել և պահանջեցին հեռանալ խորհրդարանի մոտից, ինչը դժգոհության ալիք առաջացրեց ակտիվիստների մոտ:

Ակտիվիստներին ընդառաջ դուրս եկան օրենքին ընդդիմացող պատգամավորներից մի քանիսը: Մասնավորապես, Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ) փորձում էր ոստիկաններից ճշտել, թե ինչու քաղաքացիները իրավունք չունեն կանգնել խորհրադարանի շենքի դիմաց, երբ ներսում քննարկվում է իրենց հուզող հարցը` պնդելով, որ քաղաքացիներն ունեն խաղաղ ցույցի իրավունք:

Ակտիվիստներին միացան նաև ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Վերջիներս տեղեկացրին, որ իրենց առաջարկությունը վաղը կդրվի քվեարկության:

«Մենք առաջարկում ենք առաջին քայլով հետաձգել: Այս ընթացքը օգտագործել բովանդակային, ավելի մանրակրկիտ, նաև փորձագիտական շրջանակների, հանրության հետ քննարկումներ ծավալեն: Մշակեն սցենարներ, այդ թվում` պարտադիր բաղադրիչը հանելու ուղղությամբ», - ասաց Մինասյանը:

«Պարտադիր բաղադրիչը պարտադիր պիտի հանվի», - հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորների պնդմամբ՝ անգամ այս քննարկումից հետո 4 կուսակցությունները շարունակելու են պայքարը` ընդհուպ մինչև հարց Սահմանադրական դատարան հասցնելը: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը 27 պատգամավորի ստորագրություն, և, ինչպես նշեց ԲՀԿ պատգամավորը, եթե 49-ը հավաքել են, 27 ստորագրություն հենց վաղն էլ կարող է հավաքել:

Ակտիվիստները գոհունակությամբ ընդունեցին պատգամավորների հայտարարությունները: Նրանք պատրաստվում են վաղը շարունակել իրենց բողոքի ակցիան խորհրդարանի շենքի մոտ:
XS
SM
MD
LG