Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր առավոտյան տասից ավելի քաղաքացիներ բերման էին ենթարկվել Երևանի ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ երեք ժամ պահվելուց հետո ազատ էին արձակվել:

Այսօր առավոտյան տասից ավելի քաղաքացիներ բերման էին ենթարկվել Երևանի ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ երեք ժամ պահվելուց հետո ազատ էին արձակվել:

Ազատ արձակվելուց հետո ակտիվիստ Զառա Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր հետ բաժնում էին նաև Արթուր Պետրոսյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Օլյա Ազատյանը: Բոլորն էլ ազատ են արձակվել՝ հրաժարվելով ստորագրել վարչական իրավախախտման մասին որևէ արձանագրության տակ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից «Ազատությանը» տեղեկացրին, որ քաղաքացիները ոստիկանության բաժիններում են «վարչական իրավախախտման համար»՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ իրավախախտման մասին է խոսքը:

Պաստառ փակցնելու համար ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված, ապա ազատ արձակված, Ամերիկայի և Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր֊Գրիգորյանը «Ազատությանը» պատմեց, որ իրենց ոստիկանություն են տարել Հերացի փողոցից: Իսկ իրենց փակցրած պաստառի վրա գրված է եղել՝ «Սերժի պապան ա գալիս»:

Բերման են ենթարկել տաքսիից


Առավոտյան Սայաթ Նովա֊Նալբանդյան խաչմերուկից աշխատանքի գնալիս տաքսիից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել մեկ այլ քաղաքացի՝ Մարիա Հովսեփյանը: Նա երեք ժամից ազատ է արձակվել: Մարիա Հովսեփյանի փաստաբան Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ, Մարիա Հովսեփյանը որևէ պաստառ չի փակցրել:
«Հայաստանի ոստիկանությունը փորձում է գռեհիկ ձևով կրկնել 37 թիվը»,- գնահատեց փաստաբանը:

Չփաստարկված «ահազանգ»


Այսօր առավոտյան ոստիկանության Ավանի բաժին երկու անգամ բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանը: Երեք ժամը լրանալուց հետո նրան ազատ են արձակել, ապա նույն ոստիկանները ոստիկանության շենքի բակից նրան կրկին տարել են բաժին: Նարեկ Սամսոնյանը ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 7-ին իրեն տանից են տարել՝ պատճառաբանելով, թե նա հակակառավարական բռնություններ է ծրագրել:

«Բնականաբար, դա կեղծ է, բնականաբար սա արվում է իմ ազատ տեղաշարժի իրավունքը պարալիզացնելու համար՝ հանուն բողոքի ակցիան պարալիզացնելու», - մեկնաբանեց նա:

Նարեկ Սամսոնյանը ևս երեք ժամ ոստիկանությունում մնալուց հետո տեղեկացրեց, որ իրեն ազատ են արձակել՝ հորդորելով «չմասնակցել ակցիաներին» և ասել են՝ «ի՞նչ գործ ունես»:

«Ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն»


Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկված Արթուր Ավթանդիլյանին և Հայկ Սահակյանին ազատ են արձակել 5 ժամից՝ կազմելով արձանագրություն, ըստ որի՝ երիտասարդները կատարել են վարչական իրավախախտում՝ «հանրային վայրերը ոչ նպատակային օգտագործելով»: Տվյալ դեպքում քաղաքացիները Արշակունյաց փողոցի գետնանցման պատին պակցրել են պաստառ, որի վրա գրված է եղել՝ «Ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն»: Նման իրավիճակում ոստիկանության գործելաոճը «աբսուրդ և խայտառակություն» որակեց նրանց փաստաբան Տիգրան Սաֆարյանը․ - «Պաստառը, որը փակցնելու համար տղաները բերման են ենթարկվել, բովանդակել է միայն «Ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն (բառերը), որը նրանք ուղղակի մեջբերել են Սահմանադրությունից»:

Ոստիկանական հետապնդումներ


Ակտիվիստ Անի Կաղինյանի պնդմամբ, այսօր առավոտյան 8:40-ից քաղաքացիական հագուստով ավելի քան 10 անձ՝ ներկայանալով որպես ոստիկան, հետապնդել են իրեն և ընկերուհուն՝ Նանե Մինասյանին: Անին պատմեց՝ երեխային տարել էր դպրոց, ապա հանդիպել ընկերուհուն: Այդտեղից է նկատել, որ հետևում են: Մոտ մեկ ժամ անց Անի Կաղինյանի տուն են եկել քաղաքացիական հագուստով անձինք, ասել են, թե ոստիկան են, պահանջել են բացել դուռը և առանց որևէ հիմք ներկայացնելու՝ հրավիրել ոստիկանություն: Անի Կաղինյանը հրաժարվել է կատարել նրանց հորդորները:

«Առանց ծանուցման ոստիկանության աշխատակիցը իրավունք չունի քաղաքացուն հրավիրել բաժանմունք: Ճիշտն ասած, այսօր նախապատրաստվել էի գնալ երթի, իսկ մինչ այդ չգիտեմ՝ ինչու են խոչընդոտում իմ ազատ տեղաշարժի իրավունքը»,-հարցնում էր Անի Կաղինյանը:

Երբ Անի Կաղինյանի տուն ժամանեցին պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, քաղաքացիական հագուստով անձինք արդեն բակում էին՝ 35OV930 պետհամարանիշով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի մեջ: Ավելի ուշ ներկայացան որպես ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ: Երիտասարդ ակտիվիստները փորձում էին տաքսիով գնալ աշխատանքի: Անձինք, որ ներկայանում էին որպես ոստիկան, փակում էին ճանապարհը: Ապա փորձեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեքենայով գնալ աշխատավայր, ոստիկանները շարունակեցին հետապնդել, փակել ճանապարհը, իսկ երբ ակտիվիստներն իջան մեքենայից, ոստիկանները կրնկակոխ հետևեցին: «Մեր քաղաքն ա, զբոսնում ենք»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասաց որպես իրավապահ ներկայացող սևազգեստ տղամարդը: Ոստիկանը լայն ժպտաց, երբ լսեց հարցը՝ Պուտինի այցելության կապակցությա՞մբ է զբոսնում:

Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները երաշխավորեցին, որ Անի Կաղինյանը կներկայանա ոստիկանություն: Իսկ Անի Կաղինյանը գնաց օմբուդսմենի գրասենյակ: Ասաց, որ դիմելու է նաև ԵԱՀԿ-ին, որը կլորիկ դրամաշնորհներ էր հատկացրել՝ ոստիկանների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար:
XS
SM
MD
LG