Մատչելիության հղումներ

Կանաչ խոտերով Գյումրին «պապային» էր սպասում


Չնայած երկու օր առաջ տեղացած ձյանը` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի տարածքում` որտեղ էլ անցկացվում էր հայ-ռուսական համաժողովը` խոտը այսօր կանաչ էր:

Երեկվանից այստեղ աշխատանքներ էին տարվում Վլադիմիր Պուտինին ընդունելու համար: Հին խոտի և ձյան վրա արհեստական խոտ էին փակցրել, փռված էր նաև կարմիր գորգը, որի վրայով, սակայն, հյուրերից իրավունք ուներ անցնելու միայն ՌԴ նախագահը: Վաղ առավոտից քաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները փակ էին, որոշ հատվածներում չէր թույլատրվում նաև քաղաքացիների մուտքը:

Թատրոնի հարակից տարածքում վաղ առավոտից մոտ հարյուր մարդ էր հավաքվել, բոլորը ցանկանում էին անձամբ տեսնել Վլադիմիր Պուտինին: Ի դեպ այս օրերին Գյումրիում ասում են, որ գալիս է ոչ թե ՌԴ նախագահը` այլ պարզապես` պապան է գալիս:

Քիչ անց ոստիկանությունը քաղաքացիներին հրահանգեց անցնել մայթը, այնուհետև ընդհանրապես հորդորեցին մի քանի հարյուր մետր հեռու կանգնել թատրոնի տարածքից, ինչը գյումրեցիները բողոքով ընդունեցին: Վլադիմիր Պուտինը սպասվածից ուշ եկավ, քաղաքի մի քանի հատվածներում խմբված մարդիկ ժամերով սպասում էին գոնե նրա ավտոշարասյունը տեսնելու հույսով:

Վլադիմիր Պուտինը Գյումրուց հեռացավ ժամը 16-ի սահմաններում` ռուսական ռազմակայան այցելելուց հետո: Քաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկությունը մոտ 20 րոպեյով դադարեցվեց, նախագահական ավտոշարասյունը անցավ, իսկ քաղաքացիներից մեկն էլ գոչեց` ցարը գնաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG