Մատչելիության հղումներ

Աբովյան քաղաքում առևտրով զբաղվող մի խումբ գործարարներ արդեն քանի օր է` բողոքի ցույցի են դուրս եկել. նրանք պահանջում են Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ Վահագն Սահակյանի հրաժարականը։

Այս պահանջին են միացել շուրջ 200 մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Պահանջի չկատարման դեպքում սպառնում են գործադուլ հայտարարել՝ փակել խանութների դռները, դադարել հարկեր վճարել։

Առևտրականները պատմում են, թե վերջին երկու-երեք ամիսներին տեսչության պետի պաշտոնում նշանակված Սահակյանը հարկային տեռորի է ենթարկում իրենց։

«Բոլորիս ստիպում են բարձրացնել աշխատավարձերը` անկախ նրանից, թե ով է քեզ մոտ աշխատում: Իմը ընտանեկան բիզնես է. ես եմ գրանցված աշխատող, հայրս: 45 հազար [դրամ] աշխատավարձ ձևական բնույթ կրելու համար գրել ենք. ես հորս հո աշխատավարձ չե՞մ տալու: Ստիպողաբար սարքել են 85, որ իրենց պլանները կատարեն», - ասաց բողոքավորներից մեկը:

Բողոքների շարքում առևտրականները թվարկում են հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոնների հարցը։ Ասում են, թե հարկայինի ուղարկած մարդիկ որոշ դեպքերում շփոթության մեջ են գցում վաճառողին, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ կտրոն չի տրամադրվում, ինչի պատճառով էլ հետագայում ակտ է գրվում կամ խանութը փակվում։ Բողոքողները նման գործալակերպի բազմաթիվ օրինակներ բերեցին:

Փոքր ու միջին բիզնեսով գոյատևող աբովյանցիների պահանջներից է հարկային բեռի թեթևացումը: Նրանք ասում են, թե հարկային տեսուչները պարտադրում են առևտրականներին շրջանառությունից ավելի գումարներ ցույց տալ, որպեսզի ավելի շատ հարկեր գանձեն, ինչպես նաև պարտադրում են աշխատողներին վճարել նվազագույնից ավելի աշխատավարձ:

Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Աբովյանի առևտրականները սխալ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում։ Նշվում է, որ տուգանված առևտրականներից մեկի՝ Ռայա Ղահրամանյանի բողոքն է սա, թե նա շահագրգռված է այս բողոքի ակցիայով, և սրանով մտադիր է թաքցնել իր մեղքը։

«Ակնհայտ է, որ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի պահանջից, և որևէ միտում, քան օրինականության պահպանումն է, չի կարող լինել: Հարկային մարմինը կատարում է իր աշխատանքը: ՊԵԿ-ը բոլոր դեպքերում անընդունելի է համարում ոչ օրինաչափ գործողությունների քողարկումը զրպարտության և ամբոխավարության մեթոդներով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման վարվելակերպը չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է իրավական գնահատականի», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG